Խորհրդարանում շարունակվում են արտահերթ նստաշրջանի աշխատանքները: Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստում այսօր քննարկվում էր «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:
Կառավարությունն առաջարկում է պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի գույքի արգելադրում կատարելու դեպքում այն տարածվի այնքան մասի վրա, որքան կազմում է պարտավորությունը: Այս հարցի հիմնական զեկուցողը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էր:
Զեկույցից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ չի արգելադրումն արվում դատական ակտի հիման վրա, այլապես հարկային մարմնին տրվում են գերլիազորություններ և նաև դատական մարմինների որոշ լիազորություններ:
«Տվյալ հարցը այլ օրենսդրական նախաձեռնության է ենթակա: Այս հարցը, որ դեռևս ԱԺ-ում էր 3-4 ամիս, վերաբերում է միայն հարկային հարցերին: Ձեր բաձրացրած հարցը քննարկվում է կառավարությունում և այլ օրենսդրական նախաձեռնության տեսքով կներկայացվի ԱԺ»- պատասխանեց Ճշմարիտյանը: