Երևանյան կիզիչ արևի շողերը նոր փայլ են հաղորդել մոտ 0.5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Lamborghini Aventador-ին: Մեր քաղաքի կենտրոնում հայտնված ավտոմեքենաշինության այս հրաշքի կողքին նույնիսկ շքեղ ջիպերը չեն կարող երբեմնի հիացած հայացքներին արժանանալ:
Lamborghini-ն, անշուշտ, անգերազանցելի է ու թերևս այդ պատճառով էլ դրա վարորդը իրեն թույլ է տալիս, ի տես բոլորի, խախտել Ճանապարհային երթևեկության կանոնները: Իհարկե, Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հաճախ կարելի է նման խախտումների ականատես լինել, բայց երբ դրա հեղինակը օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, արդեն ուշագրավ է:
Բնականաբար, հետաքրքրեց, թե ում է պատկանում այս շքեղությունը: Armlur.am-ի տեղեկություններով, 555 MM 05 համարանիշի ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզում գրանցված «Սարանիստ» ՍՊԸ-ին: Տեղեկացնենք, որ 1989թ. «Սարանիստ» ՍՊԸ-ն հիմնադրել է ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը, որը առավել հայտնի է «շշերի Մելո» մականունով: Նա այժմ էլ «Սարանիստ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է, նախագահը:
Հիշեցնենք, որ Մելիք Մանուկյանը նախկինում ձգտում էր օրինաց երկիր կառուցել և այդ կուսակցության հավատավորներից էր: Բայց երբ ՕԵԿ-ն ընդդիմադիր դարձավ, Մելիք Մանուկյանը հասկացավ, որ ինքն առավելապես նախընտրում է մեր երկիրը բարգավաճեցնել և դարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Հիմա էլ ԲՀԿ-ի մանդատով է ԱԺ-ում: Բայց գլխավորն այն է, որ Մանուկյանը Lamborghini aventador ունի: