ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել, թե շան համար անձնագիր որտեղից կարող եմ ստանալ, ուր եւ ում պիտի դիմեմ: Ցանկանում եմ մեկնել արտասահման, որտեղի՞ց պետք է թույլտվություն ստանամ, որ կարողանամ շանս էլ հետս տանել: Հնարավո՞ր է, որ խնդիրներ առաջանան, ու թույլ չտան, որ շանս տանեմ:

Մարիամ Հարությունյան, 68 տարեկան, թոշակառու

ՊԱՏԱՍԽԱՆ. Շան անձնագիրը տրամադրվում է անասնաբույժի կողմից: Եթե շան տերը ցանկանում է շան համար անձնագիր հանել, ապա նա շան հետ պետք է ներկայանա բժշկին: Անձնագրի մեջ ամեն ինչ նշվում է` սկսած շան ծնված օրվանից, ինչ գույնի է, ինչ ցեղատեսակի է, տղա է, թե աղջիկ, մի խոսքով, ամեն ինչ գրվում է: Շան անձնագրի համար անհրաժեշտ է վճարել ընդամենը 1800 դրամ: Շունը ուսումնասիրվում է անասնաբույժի կողմից, եւ եթե վակցինացման ժամանակն է եկել, ապա անպայման բժշկի կողմից վակցինացում է կատարվում, նշվում է վակցինացման ամիս-ամսաթիվը, բժշկի ստորագրությունը, կնիքը: Սա կարելի է համարել նաեւ շան «անկետա», որի հիման վրա համապատասխան կառույցներում թույլտվություն են տալիս որոշակի ժամկետում, օրինակ` երեք օրվա ինտերվալով տանել արտերկիր: Եթե 3 օրվա մեջ չհասցրին շանը տանել արտերկիր, ապա պիտի նորից վակցինացնեն: Ավելի կոնկրետ մանրամասներին ծանոթանալու համար կարող են դիմել անասնաբուժական դեղատուն:

Անասնաբուժական դեղատան անասնաբույժ
Կարապետ Հովհաննիսյան


ՊԱՏԱՍԽԱՆ. Շանը արտերկիր տանելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է շան անձնագրով ներկայանալ ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչություն, եւ մի քանի ժամվա ընթացքում կստանան համապատասխան անվտանգության վկայական: Ընդհանրապես կան երկրներ, որտեղ հստակ արգելում են տանել շան որոշ ցեղատեսակներ, օրինակ` Կանադան արգելում է մի քանի ցեղատեսակներ իր երկիր ներմուծել: Ընդհանուր առմամբ, եթե ներմուծող երկրից արգելք դրված չէ, ապա հիմնականում խնդիրներ չեն կարող առաջանալ:

ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի
անվտանգության եւ անասնաբուժական պետական
տեսչության լրատվության եւ հասարակայնության
հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չորքոտանիներին փաստաթուղթ տալով պատվելու հարցն էլ, փաստորեն, հնարավոր է լուծել ու մինչեւ անգամ հանրապետությունից դուրս տանել:




Լրահոս