ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս երթուղային տաքսու վարորդն ուղեւորների մոտ ծխում էր, խնդրեցի այլեւս չծխել, նա շատ կոպիտ պատասխան տվեց եւ շարունակեց նորից ծխել: Հետաքրքիր է իմանալ, եթե նման դեպքերում  ուղեւորները բողոքեն «Երեւանտրանս» ՓԲԸ-ին, ի՞նչ տույժ ու տուգանք կհասնի վարորդին:

Գոհար Ասատրյան, 30 տարեկան, ատամնաբույժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Նման դեպքերում քաղաքացիները պետք է զանգահարեն «Երեւանտրանս» ՓԲԸ-ի թեժ գծի 1-77 կամ 391653 հեռախոսահամարով եւ կոնկրետ հայտնեն երթուղայինի կամ ավտոբուսի համարանիշը, այնուհետեւ` թե որ ժամին է վարորդը ծխել, որ օրը եւ այլն: Ուղեւորների փաստերի հիման վրա գրավոր ձեւով բողոքը փոխանցվում է տնօրենին, եւ ըստ բողոքի բնույթի էլ որոշվում է տուգանքի չափը: Ծխելու դեպքում տուգանքի չափը մոտավորապես կազմում է 20000-25000 դրամ: Քանի որ քաղաքային տրանսպորտը պատկանում է «Երեւանտրանս» ՓԲԸ-ին, ուստի քաղաքացիները կարող են հնչեցնել ոչ միայն ծխելու հետ կապված բողոքներ, այլ տարբեր տիպի` կապված վարորդների պահելաձեւի, վարելու եւ այլնի հետ:

«Երեւանտրանս» ՓԲԸ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նույնիսկ երթուղայինների մեջ ծխելն արգելող ցուցանակներ կան, ու դրանք ուղեւորին առաջարկում են վարորդների ծխելու դեպքում պահանջել նրանցից դեն նետել վառվող ծխախոտը: Մյուս կողմից մարդիկ նախընտրում են ավելորդ անգամ տհաճ խոսակցության մեջ չներքաշվել` պարզապես լռելով: Վարորդներն իրենց հակափաստարկներն ունեն եւ պնդում են, որ գրեթե 24 ժամ մեքենայի ղեկին լինելով` անհնար է լինում զսպել ծխելու ցանկությունը: Ամեն դեպքում, հերթական անգամ ականատեսն ենք լինում իրողության, երբ օրենքը չի պահվում: Այս ամենից ամենաշատը օգտվում է ստուգող կառույցը` ուզած պահին տուգանքների ալիք բարձրացնելով եւ մեկ րոպեում վարորդների մեկ շաբաթում աշխատած գումարը տուգանքի տեսքով գանձելով:   




Լրահոս