2007թ. խորհրդարանական ընտրությունների համեմատ` այս անգամ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը բավականին փոփոխություններ է կրելու: Արդեն հայտարարվում է, որ այն գլխավորելու է նախագահ Սերժ Սարգսյանը: Արդյունքում` ՀՀԿ համամասնական ցուցակի հիմնական «համալրումը» սկսվելու է 2-րդ հորիզոնականից: Ինչ-որ առումով հենց այս հորիզոնականն է համարվում առաջինը, այսինքն` ո՞վ է լինելու առաջինը Ս.Սարգսյանից հետո: Եվ եթե ընդամենը 4 ամիս առաջ այս տեղի համար ՀՀԿ-ում լուռ պայքար էր ընթանում Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև, ապա հիմա, կարծես թե, բոլորը համակերպվել են, որ ցուցակում Ս.Սարգսյանից հետո երկրորդը լինելու է վարչապետը: Որոշ տեղեկությունների համաձայն` 3-րդ տեղի համար քննարկվում է Աժ նախագահ Սամվել Նիկոյանի կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Ամեն դեպքում, ըստ թերթի աղբյուրների, այս երկու պաշտոնյաները զբաղեցնելու են 3-րդ և 4-րդ հորիզոնականները: Չի բացառվում, որ 5-րդ հորիզոնականը զբաղեցնի Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով առայժմ համարվում է ՀՀԿ շտաբի պետը: Սակայն վերջերս մամուլում տեղեկություն հրապարակվեց, թե երբ արդեն պաշտոնապես ստեղծվի այդ շտաբը, այն Հ.Աբրահամյանը չի ղեկավարելու: Ասում են նաև, որ նա նույնիսկ առողջական խնդիրների պատրվակով կթողնի այդ պաշտոնը, չի բացառվում, որ ինչ-որ ժամանակ մեկնի Հայաստանից: Նաև կարծիք կա, թե Հ.Աբրահամյանը դժգոհելով համամասնական ցուցակում իր տեղից` կարող է կրկին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել Արտաշատի տարածաշրջանն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում: Հակառակ դեպքում այդ ընտրատարածքում կառաջադրվի նրա եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, ով 2007թ. նույն ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր էր ընտրվել:
168 ժամ. ՀՀԿ-ի ցուցակի 3-րդ տեղում կարող է լինել ԱԺ նախագահը կամ Երևանի քաղաքապետը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ