Կալինինգրադի մարզի Պիոներսկի քաղաքի լողափում մեծ քանակությամբ ծովային սաթ է հայտնվել:
Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են քաղաքի բնակիչները, սաթի հայտնվելուն նպաստել են Բալթիկ ծովի մեծ ալիքներն ու քամին: Ափ է դուրս գցվել մեծ քանակությամբ ջրիմուռ, որոնց մեջ էլ գտնվում է սաթը:
Ծովափում են հավաքվել մեծ թվով բնակիչներ և քաղաքում հանգստացողներ, որոնք սկսել են սաթ հավաքել: Սակայն առաջինը ափ են հասել պրոֆեսիոնալ սաթ հավաքողները` ջրամեկուսիչ հագուստով և հատուկ սարքերով:
«Մասնագետներին հետաքրքում էին համեմատաբար մեծ կտորները: Փոքրերը բաժին էին ընկնում մնացածին», – ասել է բնակչուհիներից մեկը: Նրա խոսքով՝ ծովը բավականին հաճախ է սաթե ավազ դուրս գցում, սակայն նման ծավալներ շատ հազվադեպ են հանդիպում: