ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ կարողացան այս գյոզալ տղուն փչացնեն. Վ. Բաղդասարյանը` Ա. Մինասյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ընդդիմադիր չորս ուժերը բոյկոտեցին նիստը և չգրանցվեցին, որի պատճառով էլ իշխանությունը չկարողացավ անհրաժեշտ քվորում ապահովել: Այս հանգամանքն առաջացրել էր ՀՀԿ-ականների զայրույթը: Դա արտահայտվեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ելույթում: Նա խիստ քննադատության ենթարկեց քառյակի գործողությունները:

«Առավոտյան մի ողբալի վիճակ էր, երբ ընդդիմությունը որոշեց ևս մեկ անգամ փորձ կատարել ձախողել ԱԺ բնականոն աշխատանքները, բայց այդ ամենը տևեց երկու երեք րոպե, և ընդմիջումից հետո մի խղճալի վիճակ էր ստեղծվել նրանց համար, որովհետև հերթ էին կանգնել Գալուստ Սահակյանի մոտ, որ թույլ տա գրանցվել: ԱԺ նախագահն էլ բավական մեծահոգի գտնվեց, ես, օրինակ, թույլ չէի տա: Իսկ ովքեր չէին հասցրել գրանցվել, խնդրում էին թույլ տալ, որ հարցեր տան»,- ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով, երբ ընդդիմությունը 12 կետերն առաջարկեց, մեծամասնությունը մտածեց, թե ընդդիմությունը վերջապես կառուցողական է մտածում և փողոցից ցանկանում է տեղափոխվել ամբիոն` հարցերը քննարկելու:

«Հանրապետականները սկզբունքային մարդիկ են, իսկ պնդաճակատը պետք է փորձ կատարի, որ հասկանա: Մարդիկ երեկոյան որոշում են, որ պետք է լավ օրենքները քվեարկեն, բայց հաջորդ գիշեր ինչ-որ բան են որոշում ու չեն գրանցվում, այսիքն փորձում են պնդաճակատ լինել, որը նրանց մոտ կրկին չի ստացվում, որովհետև պնդաճակատ լինելու համար, պետք է նախ սկզբունքային լինել»,- հայտարարեց նա, իսկ այնուհետև դիմելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, նշեց.

«Զարմանում եմ, որ ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ կարողացան այս գյոզալ տղուն փչացնեն, ոնց նա ընկավ ազդեցության տակ, իսկ ես մտածում էի, որ հակառակը կլինի, ու նրա նման սկզբունքային ու լավատես մարդը նրանց կբերի կոնստրուկտիվ դաշտ, բայց պարզվեց, որ նա ընկել է ՀԱԿ-ի ազդեցության տակ»,- ասաց նա` հավելելով, որ ՀԱԿ-ը ի վիճակի չի տեսնել լավ բաները:




Լրահոս