
Այսօր` փետրվարի 23 ին, ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ողջունելով հյուրին` Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերություններն ավելի ակտիվացնելու ուղղությամբ վրացական կողմի գործադրած ջանքերի համար և հավելեց, որ հայկական կողմը ևս շահագրգռված է ապահովելու վերջիններիս շարունակական զարգացումը: Դեսպան Շարմանաշվիլին իր հերթին շնորհակալություն հայտնեց Աժ փոխնախագահից և բարձր գնահատեց Սամվել Բալասանյանի կողմից գործադրած ջանքերը միջխորհրդարանական կապերի ակտիվացման գործում: Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն` մարտի սկզբներին Թբիլիսիում անցկացնել երկու երկրների խորհրդարանների փոխնախագահներ Սամվել Բալասանյանի և Միխայիլ Մաչավարիանիի հերթական հանդիպումը: