Ինչպես արդեն հայտնել էինք, խորհրդարանում այսօր քննարկվում էր Կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակային համակարգի» փոփոխված տարբերակը: Հիմնական զեկուցող Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ամբողջ փաթեթը, որից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցրեց Արտեմ Ասատրյանին.
«Այսինքն կառավարությունն ընդառաջե՞լ է հասարակության պահանջին, որ պարտադիրը հանվում է, և ավելորդ սոցիալական բեռ չի լինելու, քանի որ աշխատավարձերի բարձրացում է լինելու, այդպե՞ս է»: Ի պատասխան` նախարարն էլ հաստատեց: Արտեմ Ասատրյանը նշեց, որ պետական ոլորտում աշխատող և համակարգի մեջ մտնող անձանց թիվը 65 հազարն են, որոնք, ըստ նախարարի, իրավունք չեն ունենա հրաժարվել նպատակային սոցիալական վճարից:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցրեց, թե արդյոք կառավարությունը աշխատել է քառյակի ու «Դեմ եմ»-ի հետ, հաշվի առել են նրանց առաջարկները, որին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, ուսումնասիրել են նրանց դիրքորոշումները, սակայն շատ դեպքերում իրենց ներկայացրած առաջարկներն անգամ հակասություններ ունեին իրենց ներսում: