Նոր-Նորքի բնակիչ 56-ամյա Վլադիմիր Նիկոյանին սպանող հայրը` 83-ամյա Վոլոդյա Նիկոյանը, նախօրեին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին, դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, ազատվեց քրեական պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 11-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Նիկոյանների բնակարանում հայրը սպանել էր որդուն: Այսպես, Վոլոդյա Նիկոյանը իր ննջասենյակում հարբած վիճակում գտնվող որդու կողմից իրեն անհարկի հայհոյելու, վիրավորելու, այնուհետև բռունցքով իր գլխի գագաթային և ծոծրակային հատվածներին հարվածելուց վրդովված՝ նույն ննջասենյակում գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Նիկոյանի կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածին և դիտավորությամբ ապօրինաբար վերջինիս զրկել կյանքից:
Նիկոյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։
Որդուն սպանող հորն առաջադրված նախնական մեղադրանքը վերաորակվել էր, իսկ հետո գործը կարճվեց։
Առաջին ատյանի դատարանն այստեղ կիրառեց «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումն ու ամբաստանյալ Նիկոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրեց: Դատարանի որոշմամբ՝ քրեական գործի վարույթը կարճվեց, «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցն էլ՝ վերացվեց:
Մեղադրող կողմը միջնորդեց դատարանին ամբաստանյալին դատապարտել 2 տարի 8 ամիս ժամկետով և համաներման կիրառմամբ` նրան ազատ արձակել:
Նկատելով, որ ամբաստանյալ Նիկոյանը նախկինում դատապարտված չի եղել` դատարանը որոշեց, որ բացակայում են համաներում հայտարարելու որոշման կիրառումը սահմանափակող դեպքերը:
Տեղեկացնենք, որ Վոլոդյա Նիկոյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը` նշելով, որ ինքը դիտավորյալ չի սպանել որդուն:
Տաթև Հարությունյան