“Արայ” ընկերության մահացած սեփականատիրոջ` Արմեն Պետրոսյանի մայրը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Ս.Սարգսյանին, գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին, ոստիկանության պետ Վ. Գասպարյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գ. Հակոբյանին, մարդու իրավունքների պաշտպան Կ.Անդրեասյանին, “Հետքի” խմբագիր Էդիկ Բաղդասարյանին: Բաց նամակ Հարգելի պարոն Սարգսյան,Ես Արմեն Պետրոսյանի մայրն եմ: Այն Արմեն Պետրոսյանի, ում 2011թ. հոկտեմբերի 16-ին, Սևան-Երևան մայրուղուց դեպի Գետամեջ գյուղ տանող հողածածկ ճանապարհին կայանված ,BMW X-5ե մակնիշի ավտոմեքենայի մեջ մահացած գտան և այդ փաստի առթիվ հարուցեցին քրեական գործ ինքնասպանության փորձի և ապօրինի զենք պահելու հատկանիշներով:Որպես մայր ես չեմ հավատում իմ որդու ինքնասպանության վարկածին: Կարող եք ասել, որ ես սուբյեկտիվ եմ այդ հարցում, դրա իրավունքն ունեք, որովհետև ոչ մի մայր չի կարողանում իր որդու կորուստի հետ համակերպվել, ուր մնաց ինքնասպանության փաստի հետ: Ինչ խնդիր ուներ իմ որդին, նա հարուստ երիտասարդ էր, և կառավարում էր ,Արայե խանութների ցանցը, որը ոչ միայն Հայաստանում է, այլև` արտերկրներում: Այսօր ցանկացած երկրի հպարտությունը կարող է հանդիսանալ մի ընկերություն, որը 1988 թվականից գործում է արդար բիզնեսի կանոններով և ստեղծվել է ոչ թե սեփականաշնորհման արդյունքում պետությունից ստացված գույքի բազայի վրա, այլ “ոչնչից”:Բայց որքան էլ ես այդպես մտածեի, հավատալով մեր երկրի իրավապահների արդարամիտ կեցվածքին, հանգիստ էի այն պատճառով, որ կպարզեն դեպքի իրական մանրամասները և իմ մայրական հոգին կհանգստանա:Բայց այն, ինչ պարզվեց այս վերջին օրերին, ոչ միայն խառնեց մեր ընտանեկան անդորրը, այլ նաև մի շարք նոր հարցեր բարձրացրեց, որոնց պատասխանները ես և իմ շրջապատը չենք գտնում:Ինչպես գիտեք, ինչ որ մի ,բարեկամե մեզ ուղարկեց այդ տեսագրությունը, որտեղ որդուս ընկերուհին` Տատյանա Չադենկովան (կամ քաղաքացիական կինը, նրանք պաշտոնապես չեն ամուսնացել) սպանության պատվեր է տալիս ինչ-որ մի Արթուրի, և այն էլ այն ժամանակ, երբ Տատյանա Չադենկովան գտնվում էր Հայաստանում: Ինչու եմ ասում “բարեկամ”, որովհետև չգիտեմ, թե այդ անձը մեզ է օգնում, թե իրականում իր սեփական խաղն է խաղում: Հետագա զարգացումներն են, որ սկսեցին ինձ անհանգստացնել:ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Եղիշե Պետրոսյանը news.am-ին տված հարցազրույցում ուղղակիորեն ասել է` ,Տեսանյութից էլ է ակնհայտ երեւում, որ այն կրճատած է: Դա 2010թ-ի իրադարձություն է եւ այնտեղ խոսքը դստեր առեւանգման մասին է: Նա ասում է, որ իր երեխային պետք է հետ ստանա, բայց կոնկրետ այլ բան չկա: Պարզ խոսակցություն է տեղի ունենում, եւ ես զարմանում եմ, թե ինչու են դրա տակ այլ ենթատեքստեր փնտրում: Այդ զրույցի ընթացքում կոնկրետ Արմենին սպանելու մասին խոսք լսե՞լ եք: Որեւէ նման բան չկա, բայց ընդհանուր վարկած է: Մենք հիմա ուսումնասիրում ենք եւ մանրակրկիտ քննություն է գնում”:Իմ տեղեկությամբ, Տատյանա Չադենկովան 2011թ. երկար ժամանակով Հայաստանում է եղել, հարց է ծագում` ինչ էր արել նա, ինչ էր նախապատրաստում: Քննիչին զարմացրել է, որ այդ տեսանյութը 2010 թվականին է եղել, ես չեմ հասկանում, հնարավոր է արդյոք դեպքի նախապատրաստությունը հաջորդի դեպքին:Տեսանյութը դիտած յուրաքանչյուր քաղաքացի պարզորեն կարող է ասել, որ Եղիշե Պետրոսյանը բացահայտորեն ստում է, ավելին նախաքննական այնպիսի գաղտնիք է բացահայտում, որ կարող է գործի քննության ուղղությունը փոխել: Չէ որ այդ ոմն Արթուրը կարող է նույն կայքէջից տեղեկանալ, թե ինչ հեքիաթ է պատմել Տատյանա Չադենկովան և նույն հեքիաթը պատմել:Ինչու նախաքննության մարմինը քննություն չի տանում այն ուղղությամբ, թե Տատյանա Չադենկովան Հայաստանի Հանրապետությունում Արմենիս մահվանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում ում հետ է կապի մեջ մտել, ում հետ է շփվել: Արդյոք ստուգվել է, թե քննիչը ընդհանրապես տիրապետում է համակարգչային գոնե նվազագույն գիտելիքների, գիտե, թե ինչ է սկայպը, համացանցը:Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը և չեմ ուզում անմեղ մարդկանց մեղադրել, բայց կարծում եմ անվիճելի է, որ քննիչը կամ առավել վատ` քննչական բաժնի պետը իրավունք չունի ասելու, որ կոնկրետ այլ բան չկա, դա երեխային առևանգելու մասին է:Այդ Եղիշե Պետրոսյանի հայտարարությունը, տեսանյութը մեզ ուղարկելը, Տատյանա Չադենկովայի կողմից Արմենիս երեխային տանելու փորձը և դատարանի կողմից նրան հովանավորելը, քննիչի կողմից Տատյանա Չադենկովայի նկատմամբ նույնիսկ ստորագրություն երկրից չհեռանալու մասին չվերցնելը, ինձ հիմնավոր ներշնչում են մի պարզ համոզմունք- մեր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձ կամ անձինք կան այս ամենի հետևում: Եթե տեղի է ունեցել սպանություն (ես դրանում համոզված եմ), ապա դա այնպիսի պրոֆեսիոնալ ձևով է արվել, որ փորձագետները չեն կարողանում (կամ չեն ուզում) հակառակն ապացուցել:Պարոն Նախագահ, ես գիտեմ, որ Դուք կարող եք կանխել ապօրինի հովանավորչությունը, և անձամբ լինել այս գործի արդարացի լուծման երաշխավորը:Ելնելով վերոգրյալից,Հայաստանի Հանրապետության նախագահից խնդրում եմ` լինել մեր` ՀՀ քաղաքացիներիս անվտանգության երաշխավորը և հանձնարարել այս գործը պահել պատշաճ ուշադրության ներքո: ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ ոստիկանապետից և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենից խնդրում եմ` ՀՀ Կոտայքի մարզի քննչական բաժնից վերցնել նշված գործը և փոխանցել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը` պրոֆեսիոնալ քննիչի կամ քննիչների:Հանձնարարել նախաքննության մարմնին` ուսումնասիրություններ իրականացնել նաև Տատյանա Չադենկովայի Հայաստանյան կապերը` Արմեն Պետրոսյանի մահվանը նախորդող և հաջորդող ժամանակահատվածում, ինչպես նաև պարզել ոմն Արթուրի գտնվելու վայրը և ինքնությունը:
Արայի սեփականատիրոջ մոր բաց նամակը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ