Ազգային ժողովի պատգամավոր կանայք իրենց ունեցվածքով չեն զիջում տղամարդկանց:
Այսօր Armlur.am-ը կներկայացնի, թե ինչ ունեն հանրապետական կանայք:
Սկսենք ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից: Նա իր ունեցվածքի և գույքի հայտարարագրում նշել է 1 բնակարան` 46 մլն արժողությամբ, և 2 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, երկուսի արժողությունն էլ` 6 մլն:
Նաղդալյանի դրամական միջոցները կազմում են 45 մլն դրամ և 20 հազար դոլար: 1 տարվա ընթացքում նրա ունեցվածքը 379 մլն դրամ է եղել:
Երգչուհի-պատգամավոր Շուշան Պետրոսյանն այս տարի դեռևս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել իր ունեցվածքի և գույքի հայտարարագիրը, այդ պատճառով կներկայացնենք անցյալ տարվա հայտարարագրի տվյալները:
Պետրոսյանը նշել է 1 բնակարան և 1 «Պորշ կայեն» մակնիշի ավտոմեքենա: Սակայն ուշագրավ է, որ նրա հայտարարագրում բացակայում են դրամական միջոցների կամ եկամտի մասին տվյալները:
Պարզվում է` պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այս պահին դրամական միջոցներ չունի: Համենայն դեպս, դա են վկայում նրա հայտարարագրի տվյալները: Մուրադյանը նշել է միայն մեկ բնակարան, իսկ որպես եկամտի աղբյուր էլ` աշխատանքի վարձատրությունը: Որևէ այլ տվյալ նշված չէ:
Իսկ պատգամավոր Կարինե Աճեմյանն առհասարակ ոչ մի տվյալ չի ներկայացրել: Նա նույնպես որպես եկամտի աղբյուր նշել է աշխատանքի վարձատրությունը: Նրա ունեցվածքի վերաբերյալ որևէ տվյալ ներկայացված չէ:
Թեև պատգամավոր Կարինե Պողոսյանը ևս իր շարժական կամ անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել, սակայն նշել է իր դրամական միջողների չափը: Պարզվում է այժմ հանրապետական պատգամավորն ունի միայն 500 հազար դրամ:
Ստացվում է, որ ՀՀԿ-ական կին պատգամավորների մոտ ընդունված է իրենց հայտարարգրերը չլրացնելը: Դա է վկայում նաև Մարգարիտ Եսայանի հայտարարագիրը: Նա ընդամենը նշել է, որ իր եկամուտը գոյանում է միայն աշխատավարձից:
Երիտասարդ պատգամավորուհի Նաիրա Կարապետյանի դրամական միջոցները կազմում են 18 մլն 205 հազար դրամ, սակայն նրա համար ևս եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատանքի վարձատրությունը:
Մեկ այլ երիտասարդ պատգամավորուհի Արփինե Հովհաննիսյանի դրամական միջոցները կազմում են 1 մլն 250 հազար դրամ: Աշխատանքի վարձատրությունների շնորհիվ` նա կարողացել է մեկ տարվա ընթացքում 5 մլն դրամ վաստակել:
Մարինե Մարաբյանն էլ իր հայտարարագրում նշել է 32 մլն դրամ և 140 հազար դոլար: Նրա համար ևս եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը: