Այս օրերին աշխարհում քննարկվող թիվ 1 թեման մնում է Եգիպտոսը: Բոլորին հետաքրքրում է` արդյո՞ք 31 տարի իշխող Հոսնի Մուբարաքը կշարունակի պաշտոնավարել մինչեւ 2011 թվականի նախագահական ընտրությունները, թե՞ այնուամենայնիվ ժողովուրդը նրան «ճանապարհ կդնի» հենց հիմա:Եգիպտոսում եւ արաբական աշխարհում ծավալվող իրադարձությունները առիթ են` վերլուծելու եւ հասկանալու աշխարհի տարբեր անկյուններում վերջին տասնամյակում տեղի ունեցած հեղափոխությունների օրինաչափություններն ու տարբերությունները: Առաջինը, թերեւս, Սերբիան էր, որտեղ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ տապալեց Սլոբոդան Միլոշեւիշի 20-ամյա իշխանությունը: Մեկը, որն առանց տատանվելու ցեղասպանության ենթարկեց Բոսնիայի Սերեբրենիցա քաղաքի 8000 մահմեդականների, բայց բանակը չհանեց Բելգրադի փողոցներ դուրս եկած համերկրացիների դեմ եւ արդյունքում իր մահկանացուն կնքեց Հաագայի բանտում: Հաջորդը Վրաստանն ու Ուկրաինան էին. համապատասխանաբար` Էդուարդ Շեւարդնաձեն եւ Լեոնիդ Կուչման նույնպես բանակը չհանեցին սեփական ժողովրդի դեմ, արդյունքում զրկվեցին իշխանությունից, սակայն շարունակում են ապրել իրենց հայրենիքներում: Սեփական ժողովրդի դեմ բանակ չհանեցին Ղրղզստանի նախկին երկու նախագահներ Ասլան Ակաեւը եւ Կուրմանբեկ Բակիեւը: Վերջինիս կողմից մի քանի տասնյակ հանցագործների օգտագործելը հաշիվ չէ: Թունիսի նախկին նախագահ Զին Էլ Աբիդի Բեն Ալին չփորձեց էլ դիմել բանակին` նախընտրելով փախչել Սաուդյան Արաբիա: Այս բոլոր նախկին նախագահները կոռումպացված էին, իրենց երկրներում հաստատել էին բռնատիրական ռեժիմներ, սակայն վերջին պահին նախընտրեցին չթափել սեփական ժողովուրդների արյունը:Սրանց կողքին առանձնանում է Լուկաշենկոն, Ալիեւը, Քոչարյանը, Քարիմովը, որոնք նախընտրեցին ուժի միջոցով ճնշել ժողովրդավարական պոռթկումները: Ընդունված է ասել, որ այս երկրներում ընդդիմությունը թույլ էր` դրա համար էլ չհասավ հաջողության, կամ Արեւմուտքը շահագրգռված չէր իշխանությունների փոփոխմամբ եւ այլն:Սակայն գլխավոր պատճառը եւ ջրբաժանը առաջինների եւ երկրորդների միջեւ` բանակի միջոցով սեփական իշխանությունը պահելու մեջ է: Մնացած բոլոր գործոնները երկրորդական են: Եվ այժմ Հոսնի Մուբարաքը կանգնած է երկընտրանքի առջեւ` օգտագործե՞լ բանակը, թե՞ ոչ: Վերլուծելով նրա պահվածքը` ամեն գնով պահելու իշխանությունը, կասկած չկա, որ 82-ամյա նախագահը կցանկանար, որպեսզի բանակը մաքրեր «Տահրիր» հրապարակը, սակայն, կարծես թե նման մտադրություն չունի բանակը եւ մասնավորապես, գլխավոր շտաբը` ի դեմս նրա ղեկավար Սամի Ադնանի: Միաժամանակ, բանակի բարձրագույն սպայակույտը չի շտապում նաեւ հարաբերություններ հաստատել ընդդիմության հետ: Թերեւս ցանկություն կա, ուղղակի դեռեւս պարզ չէ, թե որ ուժն է դոմինանտ ընդդիմության մեջ: Ամերիկյան փողերով արդիականացված եգիպտական բանակի ղեկավարությանը այնքան էլ հաճելի հեռանկար չի ուրվագծվում «մահմեդական եղբայրների» իշխանության գալու դեպքում: Վերջիններս, Իրանի օրինակով, բանակին զուգահեռ կստեղծեն կրոնական ռազմականացված կառույց, որը լուրջ այլընտրանք կդառնա կանոնավոր բանակին:Վերադառնալով Մուբարաքին` պետք է նշել, որ 30-ամյա իշխանավարման ընթացքում, կատարելով մի շարք դեմարշեր արաբական երկրների նկատմամբ, պահպանելով գործընկերային հարաբերությունները Իսրայելի հետ, նա էականորեն նվազեցրել է հնարավորությունը` քաղաքական ապաստան գտնելու արաբական պետություններից մեկում: Իսկ Արեւմուտքը կամաչի «տնավորել» ուղտերով եւ ձիերով ժողովրդի վրա հարձակվելու գաղափարի հեղինակին:Բանակն օգտագործելու դեպքում, ամենայն հավանականությամբ, Մուբարաքը կպահպանի իշխանությունը, եւ դա ազդանշան կլինի նաեւ մյուս արաբական երկրների վարչակազմերի համար: Հակառակ պարագայում, Մուբարաքը կհեռանա եւ շղթայական ռեակցիայով կտեսնենք եւս մի քանի արաբական բռնատիրական վարչակազմերի փլուզումը: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ԲԱՆԱԿՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ