Երբ մարդ շատ փող ունի, նա ընտրում է փող ծախսելու «էբստրեմալ» ձևը․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Երբ մարդ շատ փող ունի, բայց չունի մշակութային ճիշտ կողմնորոշիչներ, իսկ մյուս կողմից՝ նաև ցանկանում է, որ բոլորն իմանան իր հարստության մասին, ինչպե՞ս է նա սովորաբար վարվում: Նա ընտրում է փող ծախսելու «էբստրեմալ» ձևը: «Էբստրեմալ» ոչ թե սովորական իմաստով՝ նա չի թռնում պարապլանով և չի բարձրանում Արագածի գագաթը: «Էքստրիմը» տվյալ դեպքում այն ծայրահեղությունն է, որը, իբր, միայն նա կարող է իրեն թույլ տալ:

Օրինակ՝ ոսկե զուգարանակոնք է դնում կամ ամենահայտնի, ամենաթանկ նկարչին պատվիրում է իր մեծադիր նկարը՝ Նապոլեոնի եռանկյունաձև գլխարկով: Կամ պատմում է իր նման ընկերներին ՝ «արա ախպեր, էն օրը փագինք Գառնին [Գեղարդը, Զվարթնոցը, Էջմիածնի Մայր տաճարը], մի կտոր հաց կերանք ու մի լաավ տժացինք»: Յուրահատուկ «Էքստրիմ» է: Կամ, ինչպես ռուսներն են ասում, «бандитский шик»: Ավազակային ճոխություն:

Սենեկան հրաշալի աֆորիզմ ունի: «Լկտիությունը,-ասում էր նա,- սխալ հասկացված մեծության նշան է»: Այդպես ցանկացած գերտերություն, առանց որևէ իրավական հիմքի, զինյալներ է ուղարկում այլ երկրներ կամ էլ ակտիվացնում է «տեղական զինյալներին»՝ իրեն հարմար ռեժիմ հաստատելու համար: Այդպես ցանկացած օլիգարխ առանց որևէ փաստաթղթի քանդում է ցանկացած իրեն դուր չեկող շենք և կառուցում իրենը: Պաշտոնյաների և պատգամավորների «բալաները» անարգել կրակում են փողոցներում: Նման գործելաոճը հաճախ տրամաբանական բացատրություններ չունի: Պարզապես իրենց սխալ հասկացված մեծությունն ապացուցելու միջոց է»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս