ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆՆ ԷԼԻ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բենզինի յուրացման մեջ մեղադրվող ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը երեկ դատարանում սկանդալային հայտարարություն է արել: Ըստ նրա` իր դեմ հաշվեհարդար է սկսվել այն բանից հետո, երբ խնդիրներ են ծագել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: «Սկսել են իմ հանդեպ ճնշումներ գործադրել, ասել են` թող գա, ընկնի ոտներս, կներենք, բայց ես հայրենիքին նվիրված տղա եմ, ոչ մեկի ոտի տակն ընկնողը չեմ, սա իմ երկիրն ա, ես եթե հանկարծ ու մեղավոր էլ լինեի, ապա ես օրենքի առաջ կգնայի, ոչ թե երկրի»,-ասել է նա` հավելելով, որ լարվածությունը տեւել է մոտ երեք ամիս: Օհանյանին վրդովեցրել է նաեւ այն հանգամանքը, թե ինչպես է կես ժամում վկայից դառնում կասկածյալ եւ տեղում ձերբակալվում. «Նենց եկան դիմակավորներով ինձ տարան, ոնց որ ես փախնելու էի: Չէ՛, ես չեմ փախնի, էս իմ երկիրն ա, ես ստեղ հոր գերեզման ունեմ, թող իրանք ինձանից փախնեն»: Իսկ Ալիկ Սարգսյանը tert.am-ին ասել է. «Աշխարհը գիտի, որ ես «սարքող» չեմ, եւ այդ պրոցեսն էլ իր դեմ ուղղված չէր, եթե անգամ ինքը հայտնվել էր էդ ամենի մեջ»: Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 17-ի թիվ 24 համարում «Ժողովուրդ»-ը հրապարակել էր տեղեկություն, որ դատարանում քննվող Մարգար Օհանյանի՝ բենզինի յուրացման մեղադրանքը կապ չունի դատավարության փուլ մտած գործի իրական արմատների հետ: Ընդամենը երբեմնի բիզնես-գործընկերներ Ալիկ Սարգսյանի եւ Մարգար Օհանյանի ֆինանսական փոխհարաբերությունների սուր դրսեւորում է, որոնք հանգամանքների բերումով խորացել ու հասել են «դիվանբաշուն»: Ըստ մեր աղբյուրների` Օհանյանն էլի ասելիք ունի:

Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս