Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում սկսվել են բազմաբնակարան, հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից սառցալեզվակների եւ ձյան հեռացման աշխատանքները. տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը: Ինչ խոսք, շատ լավ է, որ քաղաքային իշխանությունները վերջապես հասկացել են, որ շենքերի տանիքներից կախված սառույցները վտանգավոր են փողոցներում քայլող մարդկանց կյանքի համար, եւ որոշել են սառցամաքրման աշխատանքներ սկսել, սակայն մեղմ ասած, տարօրինակ է, որ դրա համար պետք է քաղաքապետի հանձնարարությունը: Այսինքն, ինչ է ստացվում. եթե քաղաքապետը չհանձնարարեր, չպե՞տք է մաքրեին տանիքների սառույցը: Եթե ոչ, ուրեմն պարզապես պետք է լուծարել այդ ծառայությունը, իսկ եթե այո` սառույցը միեւնույն է կմաքրվեր, այդ դեպքում անհասկանալի է, թե ինչ կարիք կա քաղաքապետարանի յուրաքանչյուր ամենատարրական աշխատանքային պարտականության կատարումը պայմանավորել անձամբ Տ. Մարգարյանի հանձնարարությամբ: Ընդ որում, նման պարզունակ PR-ի արդյունքում քաղաքապետը հայտնվում է բավականին աննախանձելի վիճակում, քանի որ անհամեմատ ավելի շատ են քաղաքային իշխանությունների չարած գործերը, քան արածը: Հենց նույն սառցամաքրման մասով` միայն անցած 20 օրվա ընթացքում Երեւանի շտապօգնությունում գրանցվել է սառած փողոցներում սայթաքած եւ վնասվածքներ ստացած քաղաքացիներից 116 կանչ, որոնցից 57-ի դեպքում քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց: Այսպիսով ստացվում է, որ այդ 116 քաղաքացիներն իրենց ձեռքուոտքը կոտրել են այն պատճառով, որ Տ. Մարգարյանը չի հանձնարարել մաքրել փողոցների մայթերը: Նույնը` հանրային տրանսպորտի եւ մայրաքաղաքում առկա բազմաթիվ այլ խնդիրների մասով:
Սակայն քաղաքապետարանի տարածած երեկվա հաղորդագրության մեջ առկա է եւս մեկ, արդեն զավեշտի վերածվող դրվագ. «Մեր բոլոր ուժերը պետք է կենտրոնացնենք սառցալեզվակները կոտրելու եւ հեռացնելու աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու ուղղությամբ, հակառակ դեպքում հալոցքի պայմաններում վտանգը կանխելն առավել դժվար կլինի»,-քաղաքապետի հանձնարարականով նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը»,-նշված է հաղորդագրությունում: Փաստորեն, ոչ միայն քաղաքապետարանի տարբեր ծառայություններն են սկսում աշխատել բացառապես Մարգարյանի հանձնարարությամբ, այլեւ նրա տեղակալներն են սկսում մտածել միայն իրենց շեֆի անմիջական հանձնարարականով: Դժվար թե քաղաքապետարանի լրատվականի աշխատակիցներն ինքնուրույն ամեն առիթով շեշտեին «քաղաքապետի հանձնարարականով» արտահայտությունը, հետեւաբար, դա հենց քաղաքապետի ցանկությունն է: Սա արդեն այլ, շատ ծանր դեպք է, ինչպիսին երիտասարդ Տ. Մարգարյանի նախորդներից եւ ոչ մեկի օրոք չի եղել: Անգամ Երվանդ Զախարյանի ժամանակ նրա տեղակալներն իրավունք ունեին առանց շեֆի հանձնարարականի մտածել:
ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ