«ՕԵԿ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՆ ՈՒՐԻՇ ԽՆԴԻՐ ԷՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Կիլիկիայի Հակոբը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրը, որ պատրաստվում է անդամագրվել Հանրապետական կուսակցությանը եւ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվել թիվ 41 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ ներկայիս անկախ պատգամավորը նախկինում եղել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, այժմ էլ պատրաստվում է դառնալ ՀՀԿ-ական: Թե ինչու է Հակոբյանը որոշել ընտրությունների նախաշեմին կրկին դառնալ կուսակցական, փորձեցինք  ճշտել անձամբ իրենից:
-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչն է պատճառը, որ որոշեցիք անդամագրվել ՀՀԿ-ին, գաղափարական ի՞նչ տարբերություններ կան ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ:
-Հինգ տարի եղել եմ անկուսակցական պատգամավոր, ժողովուրդն ինձ ճանաչում է, լավ գիտի, ա՛յ ոնց որ Դուք եք հիմա ինձ զանգել, հարցեր տալիս, նույն ձեւով հասարակ գյուղացիներն ունեն իմ համարը, զանգում եւ դիմում են տարբեր հարցերով: Հիմա ուղղակի առջեւում խորհրդարանական ընտրություններ են, ես նախընտրում եմ այդ կուսակցությունը, այդքան բան: Դեռ չեմ անդամագրվել, առայժմ միայն որոշում եմ կայացրել, բայց դե դա օրերի հարց է միայն:
-Կարծիք կա, որ Դուք որոշել եք անդամագրվել ՀՀԿ-ին, որովհետեւ «Օրինաց երկրում» մանդատ ստանալու հնարավորություն այլեւս չունեք, ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ես մեծամասնական ընտրակարգով առաջադրվող մարդ եմ, եւ «Օրինաց երկիր»-ն այստեղ կապ չունի, ինձ ժողովուրդն է ընտրելու, եւ ես համոզված եմ, որ իմ ընտրատարածքում ես կընտրվեմ, մարդիկ ինձ վստահում են եւ իրենց ձայնն ինձ կտան:
-Իսկ ի՞նչն է պատճառը, որ ժամանակին դուրս եկաք ՕԵԿ-ից, հետո դարձաք անկուսակցական:
-ՕԵԿ-ից դուրս գալն ուրիշ խնդիրների հետ է կապված, դրանք ես հիմա մեկնաբանել չեմ ուզում, բայց վստահեցնում եմ, որ մանդատ ստանալու կամ չստանալու խնդիր երբեք էլ չի եղել:
-Պարո՛ն Հակոբյան, Դուք ժամանակին հայտարարում էիք, որ Արթուր Բաղդասարյանը Ձեր ընկերն է, հիմա՞ էլ է այդպես, թե՞ ոչ:
-Հետաքրքիր հարց եք տալիս (ծիծաղում է-Մ.Գ.), այո՛, հայտարարել եմ, մենք հիմա էլ իրար դեմ ոչինչ չունենք, իրար հանդիպելիս նորմալ բարեւում ու խոսում ենք: Ես առհասարակ հայ մարդու հետ եմ լավ, լինի դա ընդդիմություն, թե իշխանություն, ինձ համար կապ չունի: Մարդը մնում է մարդ` անկախ քաղաքական հայացքներից:
-ՕԵԿ կայքէջում գրված է, որ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրում նշված ցանկացած կետ 2008 թվականի ընտրություններից մինչ այսօր իրագործվել է, որպես նախկին ՕԵԿ-ական` ի՞նչ եք կարծում, գրվածը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
-Իրենց փոխարեն պատասխանել չեմ կարող, ճիշտ է, թռուցիկ ինչ-որ բաներ գիտեմ, բայց չեմ կարող ասել` այս կետը կատարել են, մյուսը` չէ: Ես այդքան էլ տեղյակ չեմ նրանց ծրագրերից, այդ պատճառով մեկնաբանել չեմ կարող:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս