Պետք է հարցնեի` Դուք գիշերը լա՞վ եք քնում. Ա. Մինասյանը` Ա. Ասատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրենքի փաթեթը:

Քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց հիմնական զեկուցող` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին.

«Եթե երեկ լիներ, պետք է հարցնեի` Դուք գիշերը լա՞վ եք քնում, բայց այսօր հարցերի շրջանակն ընդլայնվել է: Ուզում եմ Ձեր համոզմունքը հասկանալ՝ Դուք իսկապե՞ս գտնում եք, որ «պարտադիր կուտակային վճար» բառակապակցությունը փոխենք «նպատակային սոցիալական վճար» բառակապակցությամբ, դրանից պարունակությունը փոխվում է:   Դուք` որպես աշխատանքի նախարար, ով պետք է և պարտավոր է պաշտպանել աշխատողների իրավունքները, իսկապե՞ս մտածում եք, որ կարող եք որոշում կայացնել պետական հատվածի ծառայողների համար` առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, պարտադրել նրանց ինչ-որ քայլեր, էլ չեմ խոսում մասնավորի մասին», – հարցրեց նա:  

Նախարարը պատասխանեց. «Հանգիստ քնելու հետ կապված` երեկվա ու այսօրվա միջև տարբերություն չկա, որ երեկ ուզում էիք դա հարցնել, իսկ այսօր` ոչ: Իմ ներկայացրածի շրջանակներում եղել է թյուրըմբռնում: Մեր աշխատանքն օրական 8-10 ժամ է տևում, և իսկապես դժվար է լինում դրանից հետո չլուծված խնդիրների պարագայում հանգիստ քուն ունենալ, դա հաստատ:  

Պարտադիր կուտակային վճարի և սոցիալական նպատակային վճարի միջև տարբերությունները եթե Դուք ցանկություն չունեք տեսնելու, բնականաբար, չեք տեսնի: Իսկ եթե ցանկություն ունեք տեսնելու տարբերությունները, ապա ես ևս մեկ անգամ կնշեմ: Պարտադիր կուտակային վճարը պահվում էր` առանց պետբյուջե փոխանցելու, գնում էր ակտիվները կառավարողներին, իսկ նպատակային սոցիալական վճարը պետբյուջե է կատարվում և, սահմանադրաիրավական տեսանկյունից, իհարկե, համապատասխանում է, և այն հստակ նպատակ ունի` ապահովել պետության համամասնակցությամբ կենսաթոշակը», – պարզաբանեց նա:

 Մինասյանն արձագանքեց` ասելով, որ բոլորը պատրաստ կլինեին տեսնել սոցիալական երաշխիք, եթե պետությունը կամավոր համակարգ ներդներ: «Ասում եք, թե համապատասխանեցրել եք Սահմանադրությանը, բայց կա իրավական ակտերի մասին օրենք, որ արդարադատության նախարարը պետք է տա եզրակացություն, ո՞ւր է այդ եզրակացությունը»,- հարցրեց պատգամավորը:

Նախարարն էլ նշեց, թե արդարադատության նախարարության եզրակացությունը կներկայացվի լրացուցիչ:




Լրահոս