ԽՈՍՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ամիս առաջ Արմավիրում գրական մեծ հանդիսություն էր` նվիրված արմավիրցի բանաստեղծ եւ արձակագիր, մարզային թերթի գլխավոր խմբագիր Ռաֆայել Սահակյանին: Ողջույնի համար ձայնը տրվեց քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին: Մեծ եղավ զարմանքս, երբ նա իր խոսքն սկսեց այսպես. «Խոսում է գործող քաղաքապետը»: Պարզվեց, որ նա պաշտոնավարման բոլոր օրերին իր մասին խոսելիս հիշատակում է «գործող» բառը: Երեւի բառի անվերջ կրկնությամբ ցանկանում է այն տպավորությունը ստեղծել, թե գործում է, որպեսզի հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, թե չի աշխատում:  
Ռուբեն Խլղաթյանն էլ մեր այն համայնքապետերից է, որոնք 1 անգամ իշխանություն գալով` սեփականացնում են ամեն ինչ եւ ցանկանում անվերջ դարձնել իրենց պաշտոնավարումը: Մանավանդ, եթե գիտեն, որ աջակցողներ ունեն, եւ եթե իրենց գրպանում պահում են ամենազոր Հանրապետականի անդամատոմսը:  
2011-ին տեղի ունեցած ընտրությունները մեկ անգամ եւս հավաստեցին, որ Ռ.Խլղաթյանն ամեն ինչ անում է` պաշտոնը պահելու, քաղաքում իր ազդեցության դաշտն անառիկ դարձնելու համար: Ինչպես նախորդ, այնպես էլ այս   ընտրություններին  գերակշռող էին կեղծիքները: Ոմանք ընտրատեղամասերում բացահայտ շնորհակալություն էին հայտնում «գործող» քաղաքապետին` իրենց 10-հազարական դրամ ընտրակաշառք տալու համար: Ռ.Խլղաթյանը նաեւ բնակիչներից գաղտնի` նրանց հասցեներում Արմավիրում չբնակվող մարդկանց էր գրանցել: Այդ փաստերից մեկն արդեն հրապարակվել է մեր թերթում. «Մարդիկ, չլինելով Արմավիրի բնակիչներ, փորձել էին ընտրություն կատարել: Սեւակ Մինասյանի նախընտրական շտաբ էր դիմել նաեւ մի կին, որի` Մաշտոցի 3բ հասցեում գտնվող 41 բնակարանում առանց իր գիտության 5 հոգի գրանցվել են: Գրանցված յոթից ժամը 15-ի դրությամբ 3-ը` Ֆիդանյան Արուսյակը, Մինասյան Ազատն ու Մկրտչյան Ռոզան, մասնակցել էին ընտրությանը: Տիկնոջ խոսքերով` ինքը դիմել է անձնագրային բաժին` տեղեկացնելով, որ իր տան վրա եւս 5 հոգի ապօրինի գրանցվել են եւ թիվ 1 մանկապարտեզում մասնակցել քվեարկության»:
Բացահայտումները, սակայն, չխանգարեցին, որ հերթական անգամ Արմավիրը հանձնվի Ռ.Խլղաթյանի կառավարմանը: Ավելի ճիշտ` քմահաճույքին, որովհետեւ Խլղաթյանը, իրեն քաղաքի միանձնյա տեր զգալով, անում է սրտի ուզածը, վաճառում է տարածքներ, քաղաքի կանաչ գոտիները «նվիրաբերում» օլիգարխների: Այսպես, դեռ անցած տարի բացահայտվեց, որ քաղաքային զբոսայգու մի հսկայական հատված Խլղաթյանը վաճառել էր Ռուբեն Հայրապետյանին` այնտեղ բանկ կառուցելու համար:  Քաղաքապետն արդարացավ, թե ինքն ընդամենը հրահանգել է թափոններից մաքրել այգին, իսկ թե ինչ թափոնների մասին էր խոսքը, ոչ ոք չգիտեր:  Անցած տարվա ընտրություններից հետո արմավիրցիները 6849 ձայնով քաղաքապետ կարգվածի դեմ բողոքի ալիք էին բարձրացրել, փակել Երեւան-Արմավիր ճանապարհը: «Հենց այդ ժամանակ ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը ոստիկանության աշխատակիցներին ցուցարարների վրա հարձակման հրաման տվեց: Եւ մինչ ոստիկանները, նրա հրամանով ռետինե մահակներով եւ աքացի տալով, ցրում էին խաղաղ ցուցարարներին, Եսայանն ինքը, օրինակ ցույց տալով, հարվածեց թեկնածու, ընտրություններում 5 հազարից ավելի ձայն ստացած Սեւակ Մինասյանին»,-գրել է մամուլը: Ի դեպ, այս ոստիկանապետն էր մշտապես թաքցնում Ռուբեն Խլղաթյանի ապօրինությունները եւ պաշտպանության տակ առնում նրան:
Մինչդեռ հենց նույն ժամանակ Խլղաթյանն իր ընկերների հետ նշում էր իր պյուռոսյան հաղթանակն ու ծիծաղում արմավիրցիների միամտության վրա: Միամտության, որովհետեւ Ռուբեն Խլղաթյանը միայն կարող էր «հարիֆացնել» մոտ 20 հազար բնակիչ ունեցող քաղաքին ու իր եղբայրների հետ պղտոր ջուր մատակարարել նրանց` փոշիացնելով հսկայական ֆինանսական միջոցներ: Խոսքը վերաբերում է «Լեգենդա» ՍՊԸ-ի շահած տենդերին եւ իրականացրած աշխատանքներին: Դեռեւս 2005թ. քաղաքապետի եղբայրներին պատկանող «Լեգենդա» ՍՊԸ-ն Ռուբեն Խլղաթյանի գործուն ջանքերով շահել էր տենդերն ու 2,2 կմ 300 մմ տրամագծով նոր ջրագիծ կառուցել: Պարզվել էր, որ Խլղաթյանի հարազատները պղտոր ջուր են մատակարարել արմավիրցիներին` անընդհատ արդարանալով, թե խողովակները նոր լինելու պատճառով է ջուրը պղտոր, թե շուտով ամեն ինչ պարզվելու է: Այս պատմությունը պարզվեց, սակայն արմավիրցիներին մատակարարվող ջուրը` ոչ: Պարզվեց, որ «Լեգենդա»-ն էժան գնով հին խողովակներ է ձեռք բերել եւ դրանք մոնտաժելով` գրպանել ահռելի գումարներ:
Ռուբեն Խլղաթյանը, ինչպես վկայում են արմավիրցիները, հողերի ապօրինի վաճառքի հանդեպ առանձնակի կիրք ունի: Հիշեցնենք մի պատմություն.  քաղաքապետը վաճառել էր Հանրապետություն փողոցի 60 շենքին ամրագրված 2 մետրից ավելի հողատարածքը` խախտելով սեփականատերերի իրավունքները, իսկ հետո արդարացել. «Եղել է աճուրդ, այդ մասին իրազեկվել է, հաղթողներն էլ եկել հաղթել են: Վաճառվել է 25 տարի վարձակալության պայմանով: 60 հոդվածը դեռ չի նշանակում, թե դրա վրա չի կարելի շինարարություն անել: Կառուցվելու է»: Այս պատմությունից հետո էլ Ռ.Խլղաթյանը 2000 քմ տարածք  էր զավթել գիշերօթիկ մանկապարտեզի խաղահրապարակից եւ վաճառել իր մի բարեկամի: Նա անարգել վաճառել է նաեւ դպրոցներին կից տարածքները` ամենուրեք կրպակներ տեղադրել տալով:
 Չբավարարվելով այսքանով` քաղաքապետը եղբայրներին եւ իրեն պատկանող  արդեն հիշատակված «Լեգենդա» ՍՊԸ-ի միջոցով, շրջանցելով «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքը,  գործարքներ է կատարում` իրականացնելով բազմաբնակարանների մասնակի նորոգումներ, բարեկարգման եւ այլ աշխատանքներ: Արմավիրի քաղաքապետի անօրինականություններին հետամուտ լինելով` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ստուգումներ է իրականացրել քաղաքապետարանում եւ արձանագրել պաշտոնական դիրքի չարաշահման մի շարք փաստեր, որոնց առթիվ իբրեւ թե քրեական գործ է հարուցվել: Նախկին ձյուդոիստը, ով բազմաթիվ հողատարածքների տեր է դարձել, ով Արմավիրում ունի մոտ 1 տասնյակ կրպակներ եւ  վերահսկում է ուղեւորափոխադրումները, պարզվում է, որ չափազանց ժլատ է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների աշխատողների հանդեպ: Ավագանու որոշմամբ մանկապարտեզների դաստիարակների դրույքաչափ է սահմանվել 35.300 դրամը, քաղաքապետի հանձնարարությամբ բոլորին ձեւակերպել են որպես դաստիարակի օգնականներ` 32.500 դրամ աշխատավարձով, մինչդեռ ըստ կառավարության համապատասխան հրահանգի` դաստիարակների աշխատավարձերը պետք է լինեն 65 հազար դրամ: Ինչպես ասում են` կուշտը սովածին մանր կբրդե…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս