Ռուսաստանի դաշնությունում մշակվել է օրինագիծ, որով նախատեսվում է 10 տարվա ազատազրկման դատապարտել ինքնաթիռում «դեբոշ» սարքողներին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Օրինագիծը նախատեսում է փոփոխություններ կատարել Օդային օրենսգրքում, որոնք թույլ կտան նախկինում թռիչքային կանոնները խախտած և դրա համար պատասխանատվության ենթարկված անձանց զրկել օդային տրանսպորտից օգտվելու հնարավորությունից:
Թռիչքի ժամանակ օդանավում հարբելու և «դեբոշ» սարքելու դեպքերը Ռուսաստանում բավականին հաճախակի են դարձել:
Այսպես, մայիսի սկզբին Սանկտ-Պետերբուրգ-Անթալիա չվերթի ժամանակ ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորը ծեծել էր երեք ուղեկցորդների: Բոլորովին վերջերս հարբած վիճակում օդանավում «ելույթ» ունենալու և անձնակազմի աշխատանքը խաթարելու մեջ նկատվել են անգամ Պետդումայի պատգամավորներ:
Խոսքը գնում է իշխող «Եդինայա Ռոսիյա» կուսակցության պատգամավորներ Ալեքսանդր Խինշտեյնի և Վադիմ Բուլավինովի մասին, որոնք ոչ միաժամանակ, սակայն բավականին նման վտանգավոր իրավիճակ էին ստեղծել օդանավում թռիչքի ժամանակ: