Այսօր խորհրդարանում «Կուտակային կենսաթոշակային օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Կուտակայինի նախագիծն արդեն երկար ժամանակ է՝ թափառում է և՛ քաղաքական, և՛ հանրային սեկտորում: Կուտակայինի մասին քննարկումները չեն դադարում, քանի որ իշխանությունը չի կարողանում պատասխանել, թե ինչու է նման ծանր սոցիալական պայմաններում ապրող ժողովրդի վզին փաթաթում այս օրենքը»,- նշեց Հակոբյանը:
Անդադառնալով իշխանության այն ներկայացուցիչների հայտարարություններին, թե կառավարությունն ընդդիմության հետ հանդիպել և քննարկել է օրենքի նոր նախագիծը, Հակոբյանն ասաց. «Կառավարությունը հայտարարում է, թե ընդդիմության հետ քննարկել է օրենքի նախագիծը: Եթե կառավարությունը պատգամավորներին կանչում է հանդիպման, հետո մի քանի ֆոտո դնում, թե տեսեք՝ հանդիպել և քննարկել ենք, ապա նշեմ, որ դա էժանագին PR է, քանի որ այդ հանդիպումներից հետո ոչինչ չի փոխվում, և Ազգային ժողով բերվում է այն նախագիծը, որն արդեն որոշված է եղել»:
Նա իր ելույթում դիմեց նաև քաղաքական մեծամասնությանը. «Եթե ցանկանում եք փոփոխություններ անել, ապա վե՛րջ տվեք համակարգային կոռուպցիային, վե՛րջ տվեք ստվերային տնտեսութուն պահելուն, վե՛րջ տվեք մենաշնորհին, որը էլի դուք եք ղեկավարում, վե՛րջ տվեք տեղական ինքնակառավարման համակարգում ձեր խնամիներին և բարեկամներին տեղավորել»:
Հակոբյանը նաև հայտարարեց, թե ՀՀԿ-ն չի գիտակցում, որ քաղաքական ակապելլա է դարձել. «Մեզ խորհուրդներ մի՛ տվեք, դրա կարիքը մենք չունենք, ոչ էլ դուք մեր խորհուրդների կարիքը ունեք, քանի որ լավ գիտակցում եք ամեն ինչ», – հայտարարեց նա: