Լոռու մարզի Մոտկորի ենթաշրջանի գյուղերը ոչ միայն բնությամբ են միմյանց նման, այլեւ խնդիրներով: Աղքատությունն ամենուր է: Գյուղացու համար դժվարություն է անգամ կառավարության՝ գյուղերի զարգացման ծրագրին մասնակցելու նախապայման հանդիսացող 20 տոկոս ներդրումը: 352 բնակիչ ունեցող Շամուտում եւս գոյությունը մի կերպ պահողները քիչ չեն: «Հիմնական խնդիրը ժողովրդի քյասիբությունն ա: Հիմա համայնքը քանի ընտանիք ունի, բաժանել են 14.000 դրամ: Հիմա էս 14.000-ն էլ ա իրանց համար դժվարություն: Էսօրվա պայմանները գիտենք. տեղիցդ վեր ես կենում, փող ա»,-ասում է գյուղապետ Բաղիշ Վանյանը: 400 հա հողատարածքից 223-ը վարելահողերն են, սակայն դրանք նպատակին չեն ծառայում: «Բնակիչը մտածում ա` ավելի լավ ա մի հատ մոզի ավել պահեմ, քան հողը վարեմ, ցանեմ, ցորեն ունենամ: Կով էլ ենք պահում, ոչխար էլ: Տեսնում ենք, որ 3 կողմի վրա, ասել գեղացուն, ճղատվիլը էդքան իմաստավոր չի: Բայց եթե էդ ոչխարի, խոզի տեղը 20 հատ կով պահես, զբաղմունքդ մի տեսակ ըլնի, ավելի արդյունավետ ա»,-վստահեցնում է Վանյանը: Աֆրիկյան ժանտախտը 2007թ. չխնայեց նաեւ Շամուտը: Բոլոր խոզերը վերացրեց: Անասունների անկումից գյուղը չխուսափեց նաեւ անցած տարի. «Գյուղում էսօրվա դրությամբ երեւի մի 10 հատ խոզ կըլնի»: Գյուղը վաղուց չունի հանդիսությունների սրահ: Թաղում լինի, թե հարսանիք` դպրոցում են կազմակերպում: Համայնքապետն ասում է. «Հիմա մարզպետը գրավոր կարգադրություն ա արել, որ էս օջախները հանդիսությունների բաներ մեք սարքիլ: Այսինքն` մենք դրանից էլ ենք զրկված: Մարդ կա` իրա տանը չունի էդ հնարավորությունը: Այսինքն` դա իրա համար մեծ բարդություն ա»: Որոշել են` խնդիրը լուծելու համար գյուղովի մի բան պետք է անեն, բայց դե այստեղ էլ ամեն ինչ հարթ չէ. «Հարկերը նորմալ չեն հավաքվում, էլի ժողովրդի քյասիբությունից ա: Եթե հավաքագրումը նորմալ կատարվի, համայնքում պակաս-մակաս բաներ չի մնա»: Շամուտի անլուծելի խնդիրներից է ծննդատան հարցը: Բուժկետ ունեն, բուժքույր` եւս, սակայն բուժքույրն ի՞նչ կարող է անել հղիներին: Հարեւան Լորուտում մի ժամանակ հիվանդանոց է եղել, գործել է ծննդատուն, ունեցել են մասնագետ, սակայն դա վաղուց էր: «Հիմա մեր գեղի վարորդների մեծ մասը երեւի գինեկոլոգներ են դառել: Էդ գործողությունը ճամփումն ա ըլում շատ ժամանակ: Հիմա էլ խոսք գնաց, որ Դսեղի ծննդատունն էլ են էս ա փակում»,-մտահոգվում է Բաղիշ Վանյանը: Գյուղապետն, այնուամենայնիվ, հույսը չի կորցնում: Ասում է` մարզպետը խոստացել է. չի թողնի, որ առայժմ այն փակվի: Համայնքի համար խնդիր է նաեւ գազաֆիկացումը: Համայնքներ կան, որ գազը հասցրել են գյուղամեջ, սակայն մարդիկ չեն կարողանում հասցնել տները: Հարեւան Լորուտում էլ գազ ունեն, սակայն ոչ բոլորն են օգտագործում. թանկ է: Համայնքապետն ասում է, որ հարեւան գյուղից գազը տեղ հասցնելն այնքան էլ դժվար գործ չէ, սակայն մեծ ֆինանսների հետ է կապված:
Վանաձոր