Ընդունելության անցումային շեմը չի նվազեցվի. Ա. Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը  Երևանի Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում այսօր ներկա է գտնվել «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննասենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին, զրուցել քննական թեստերի  և քննությունների կազմակերպման ընթացքի մասին: Դիմորդները նշել են, որ քննություններն անցել են բնականոն, և գիտելիք ունեցող դիմորդը քննասենյակում որևէ խնդիր չի ունեցել:  Նախարար Ա. Աշոտյանը զրուցել է նաև  քննական կենտրոնի մոտ հավաքված դիմորդների ծնողների հետ, լսել նրանց առաջարկությունները՝ քննական թեստերի, դպրոցական դասագրքերի  և այլ խնդիրների վերաբերյալ:

Լրագրողների հետ զրույցում Ա. Աշոտյանը, անդրադառնալով միասնական քննությունների  ընթացքին, նշել է, որ ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում  երկու առաջնային խնդիր կա՝  քննություններն անցկացնել ընթացակարգերին համաձայն և ապահովել գնահատման անաչառությունը և բացառել քննական թեստերի  հետ կապված դժգոհությունները:

«Առաջին փուլը, որն արդեն ավարտին է մոտենում, ես համարում եմ հաջողված. դիտարկումները ցույց են տալիս, որ քննություններն անցել են կազմակերպված, և քաղաքացիների բարձրացրած հարցերը ևս ցույց են տալիս, որ հանրության ուշադրությունը կենտրոնացված է ավելի շատ քննությունների արդյունքների, այսինքն՝ բովանդակության, քան թե ընթացակարգերի վրա: Ամենակարևորը, իհարկե, դիմորդների ցուցաբերած առաջադիմությունն է: Պետք է նշել, որ աշակերտները, հատկապես այն առարկաներից, որոնք քննական չեն, թերանում են և այստեղ գնահատման օբյեկտիվության հետ կապված դպրոցներում կան որոշակի խնդիրներ: Ակնհայտ է, որ քննական կենտրոնում կազմակերպված ընդունելության քննություններն անցնում են շատ ավելի բարձր մակարդակով, քան դպրոցների ավարտական քննությունները:

Հիմնական դպրոցներում 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները ևս առավել  անաչառ կազմակերպելու խնդիր ունենք: Միասնական քննությունների ընթացքը հիմնականում գոհացուցիչ է, և Գնահատման և թեստավորման կենտրոնն իր առաքելությունը կատարել է՝ օպերատիվ արձագանքելով անգամ ամենահազվադեպ հանդիպող դժգոհություններին ու քննադատություններին»,- նշել է նախարարը:

Ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանում ևս քննական միավորի շեմը, ինչպես դա արվեց Ռուսաստանի Դաշնությունում, իջեցվի, Ա. Աշոտյանը պատասխանել է. «Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի մեզ մոտ անցումային շեմի նվազեցում չի եղել. այն շարունակում է մնալ 7,5 միավորը: ՌԴ-ում, այո, երկու հիմանկան առարկաներից,՝ռուսաց լեզվից ու մաթեմատիկայից, ընդունելության  շեմը իջեցվել է, որպեսզի շրջանավարտների շուրջ 20-25 տոկոսը չզրկվի ավարտական փաստաթուղթ ստանալուց: Մենք նման խնդիր չունենք, անցումային շեմը չի փոխվել ու չի էլ փոխվելու: Տեղակացնեմ նաև, որ ունենք բավական հետաքրքիր նախամրցութային տվյալներ, որոնք հրակպարակելը դեռևս վաղ է: Այն քաղաքականությունը, որ որդեգրել ենք տարիներ առաջ, այն է՝ բուհ ընդունվելը հեշտացնել, իսկ ավարտական պահանջներն առավել խստացնել, ընդունելության քննությունների խճանկարում արդեն տեսանելի է: Քննությունների արդյունքններն անգամ մաթեմատիկական մոդելավորման տրամաբանությամբ բնական են»,- նշել է Ա. Աշոտյանը:

Ինչ վերաբերում է թեստերի առաջադրանքների որակին, ապա, ըստ նախարարի,  քննական թեստաբանությունը մասնագիտություն է, և քննական թեստերը կազմել են մասնագետները, ովքեր այդ ոլորտում առավել արհեստավարժ են:

Ա. Աշոտյանը նշել է նաև, որ առաջիկայում հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ  կհրավիրվի, որտեղ կքննարկվեն  նաև պահուստային տեղերի հարցերը, իսկ միջազգային օլիմպիադաներում և մրցույթներում հաղթած աշակերտների ընդունելության հարցը կքննարկվի առանձին:

Ընդունելության արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 15-ը:




Լրահոս