ՇԱՏ ԷԼ ԳՈՀ Է ԻՐ ԽԱՂԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միսս Հայաստան-2003», «Վիցեմիսս Եվրոպա-2005» ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ այսօր արդեն դիպլոմավորված դիվանագետ է, ավարտել է Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ինչպես նաեւ բիզնես լեդի է` «New mag» ամսագրի եւ «Նոր ռադիո»-ի հիմնադիրն եւ ղեկավարը:  
Մեկ տարի Լուսինեն ուսանել է Լոնդոնում, հիմա վերադարձել է եւ պատրաստվում է ներգրավվել նոր ֆիլմերում եւ հաղորդումներում, մարտից հետո ծրագրերն ավելի հստակ կլինեն:
-Մեկ տարի ապրեցիք ու սովորեցիք Լոնդոնում, ի՞նչ մասնագիտություն էիք ստանում:
-Միջազգային հարաբերությունների մասթերս որակավորում ստացա, բայց կրկին գաղափարներ կան որակավորվելու ու արդեն որպես դիվանագետ աշխատելու:
-Դժվար չէ՞ երիտասարդ աղջկան երկու բիզնես ղեկավարել` ռադիո եւ ամսագիր:
-Եթե նոր բան ես սկսում, իհարկե դժվարություններ հանդիպում են, բայց կարեւորը ցանկություն ունենալն է, այդ դեպքում ամեն ինչ կհասցնես: Պատկերացրե՛ք, ես հասցնում եմ, քանի որ շատ եմ սիրում իմ աշխատանքն ու հաճույքով եմ աշխատում:
-Ի՞նչ եղավ Ձեր մոդելային կարիերայի հետ, պոդիում չե՞ք բարձրանում:
-Մասնակցել եմ ցուցադրությունների, երբ դեռ 16, 18 տարեկան էի, այն տարիներին ավելի հետաքրքիր էր այդ ասպարեզը, հիմա կարծես ամեն ինչ հանդարտ վիճակում է: Բացի այդ,  որպես մոդել աշխատել եմ նաեւ արտասահմանում` Փարիզում, Տոկիոյում, Միլանում: Եւ դրանից  հետո վերադառնալ Հայաստան ու մասնակցել ինչ-որ ցուցադրությունների ինձ այդքան էլ հաճույք չի պատճառի: Մոդելային գործունեությանս երբեք լուրջ չեմ վերաբերվել, այն ավելի շատ հոբբի է եղել, բայց հիմա իմ հետաքրքրությունն այլ բնագավառներում եմ տեսնում:
-Որպես դիվանագե՞տ:  
-Իմ ապագան միանշանակ չեմ տեսնում պոդիումի վրա:
-Հիմա դրսում աշխատելու առաջարկներ չկա՞ն:
-Եղել են ու կան, բայց քանի որ ես պետք է ընտրեի կա՛մ ուսումը, կա՛մ աշխատանքը, քանի որ անհնար է համատեղել, ես ընտրեցի ուսումս:
-Կարծիք կա, որ գեղեցիկ կանայք շատ ավելի հեշտությամբ են ճանապարհ հարթում:
-Հակառակն էլ կա, որ ավելի դժվար է: Սակայն ամեն ինչ մարդուց է գալիս, եթե դու ունես նպատակ, երազանք, հաստատ կհասնես, ո՛չ մրցույթներն են կարեւոր, ո՛չ արտաքինը:
-Ձեզ նպատակասլաց մարդ համարո՞ւմ եք:
-Ինչ-որ տեղ այո՛: Առանց նպատակի մարդն անհետաքրքիր է: Ամեն օր իմ առաջ գալիս են նոր նպատակներ:
-Դուք Ձեզ շատ տարբեր ոլորտներում եք փորձում դրսեւորել` կինո, հեռուստատեսություն…
-Ես ինձ հարմար եմ զգում որպես դիվանագետ, քանի որ դա է իմ մասնագիտությունը, բայց ինչու չէ, ամեն ինչ պետք է փորձել: Վատ է ստացվում, թե լավ` թողնում եմ հեռուստադիտողի դատին, բայց ես դժգոհ չեմ: Բնավորությամբ փնտրող եմ, հետաքրքրասեր:
-Տարիներ առաջ, երբ նկարահանվեցիք «Մի՛ վախեցիր» ֆիլմում, այն էլ գլխավոր դերում, կարծիքներ հնչեցին, որ միայն գեղեցկության համար են Ձեզ հրավիրել, չէ՞ որ Դուք դերասանական կրթություն չունեք:
-Գիտեք, համաձայն եմ, որ դերասանական կրթություն չունեմ: Եթե անկեղծ, ես այդ ֆիլմի մասին միայն դրական արձագանքներ եմ լսել: Իմ խաղից էլ շատ գոհ էի, եթե գոհ չլինեի, երկրորդ անգամ չէի շարունակի:
-Դուք նաեւ «Արտիստը» ֆիլմում էիք գլխավոր դերում: Վախ չկա՞ր, որ Ձեր խաղը հեռուստադիտողի կողմից չի ընդունվի:
-Բնական է, որ ինձ մոտ կային նման վախեր, մանավանդ «Մի՛ վախեցիր» ֆիլմից առաջ, դա շատ բնական, մարդկային երեւույթ է, բայց երբ ֆիլմը տեսա, զգացի, որ այդ ամեն ինչն արդեն ետեւում է, քանի որ այդ ֆիլմն ամեն անգամ մեծ հաճույքով եմ դիտում:
-Ձեր գեղեցկությունը պահպանելու համար ի՞նչ հատուկ մեթոդների եք դիմում` դիետաներ, մարզանք…
-Դիետաների կարիք երբեք չի եղել, չեմ էլ գնացել սպորտդահլիճ` հատուկ նիհարելու: Զբաղվել եմ լողով, ձիավարությամբ…
-Խնամված, գեղեցիկ լինելու համար որքա՞ն գումար է անհրաժեշտ աղջկան:
-Գիտեք, չէի ասի, որ գումարը կարեւոր չէ, բայց խնամված լինելու համար գումարն ընդհանրապես կապ չունի: Պարտադիր չէ, որ դու գնաս գեղեցկության սրահ ու այնտեղից դուրս գաս խնամված: Խնամքը լրիվ ուրիշ հասկացողություն է:
-Հաճա՞խ եք լինում գեղեցկության սրահում, թե՞ ամեն ինչ ինքնուրույն եք անում:
-Քանի որ Հայաստանում գեղեցկության սրահներն ամեն քայլափոխի են, երբեմն նկարահանումներից առաջ լինում է անհրաժեշտություն: Բայց երբ գնում եմ քաղաքից դուրս կամ մեկ տարի Լոնդոնում էի, հազվադեպ էի գնում գեղեցկության սրահ, բայց երբեք չխնամված տեսք չեմ ունեցել:
-Այդպես էլ գումարի չափ չնշեցիք:
-Չեմ կարող կոնկրետ գումարի չափ նշել, քանի որ մարդիկ տարբեր պահանջներ ու ճաշակ ունեն: Պարտադիր չէ միայն թանկ շորեր հագնես, որ գեղեցիկ տեսք ունենաս:
-Դուք չգիտե՞ք, թե ամսվա կտրվածքով որքան գումար եք ծախսում:
-Դժվար հարց եք տալիս, երբեւիցե նույնիսկ չեմ մտածել դրա մասին: Չեմ հաշվում ինձ վրա ծախսած գումարը:
-Մի շրջան կար, երբ ասում էին, որ Դուք նշանվել եք: Այդ լուրերն իրակա՞ն են, թե՞…
-Եթե նշանված կամ ամուսնացած լինեի, արդեն վաղուց նկարները կտեսնեիք: Ամեն ինչ իր ժամանակն ունի, բայց նման բան չկա, դա սուտ է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս