Այսօր ԱԺ արտահերթ նիստում կուտակայինի վերաբերյալ կառավարության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ եթե առանց ցավազրկման կատվի եղունգները քաշելը կամ խոզին ամորձատելը շատերին վնաս չի բերի, որովհետև այդ օրենքը չի գործի, ապա այս օրենքի նախագծում գրված են անհեթեթություններ, որոնցից տուժելու են տասնյակ քաղաքացիներ:
Նա միաժամանակ ընդգծեց՝ «քառյակի» բոյկոտը շատ տրամաբանական է:
«Մեր բոյկոտն աշխատել է, և դա լավ է: Եթե խոսում եք ձեր թիմի միասնության մասին, ապա ինչո՞ւ ձեր դեմ են ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, ուրեմն ձեր մոտ մի բան այն չէ: Ձեր վիճակը վիճակ չէ, որովհետև քանի անգամ կեղծիքով քվեարկություն եք անցկացնում, դեռ շրջվել, մեզ եք մեղավոր համարո՞ւմ: Մեղա՜ քեզ, ընդդիմությանը մեղադրում են երկիրը կործանելու մեջ, ա՛յ քեզ բան»,- ասաց Արամ Մանուկյանը:
Նա մեջբերեց նաև, իր խոսքով ասած, օրենքից բազմաթիվ խոտաններ. «Պարտադրված ախմախությունը, պետք է որոշենք, կա՛մ վերցնում եք, նորմալ օրենք մշակում, կա՛մ հրաժարվում ենք քվեարկությունից»,- ասաց պատգամավորը: