Բաքվում մթնոլորտն ագրեսիվ էր. պատգամավորներն ամփոփեցին սեմինարի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի շրջանակներում Բաքվում կայացած սեմինարին մեկնած Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանը և քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեցին սեմինարի արդյունքները:

Նրանք նշեցին, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացված սեմինարն արդյունավետ է անցել, քանի որ  քննարկվել են տարածաշրջանային անվտանգության կարևոր հարցեր:

Պողոսյանի խոսքով`  ադրբեջանական մամուլը ապատեղեկատվությամբ էր զբաղված: «Պետք չէ հավատալ ադրբեջանական կայքին, մինչև տեղեկությունը չճշտեք հայկական կողմից, որովհետև դա կարող է լինել տեղեկատվական թակարդ, որտեղ ադրբեջանցիները կարող են հաղթանակ տանել»,- նշեց նա:  

Ռիչարդ Կիրակոսյանը հավելեց, որ հայ պատգամավորներն ամենապատրաստված, ակտիվ ու խելացի պատգամավորներն էին այդ սեմինարի մասնակիցների մեջ: «Դժբախտաբար, մթնոլորտը ոչ թե վտանգավոր, այլ ագրեսիվ էր, որովհետև ադրբեջանցիներն ուզում էին կռիվ տալ, այլ ոչ՝ լսել»,- ասաց քաղաքագետը:

Իսկ Կորյուն Նահապետյանն էլ նշեց, որ իրենք շեշտադրել են այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: «Սև քարոզչությունն ու հայատյացությունը կազմում են ադրբեջանական պաշտոնական քաղաքականության մի մասը: Նրանք պատրաստակամություն չունեն կառուցողական քննարկման, իսկ մեր մասնակցության կոչը դա էր, և նաև մենք խնդիր ունեինք հստակ ներկայացնել Հայաստանի դիրքորոշումը»,-հայտարարեց Նահապետյանը:




Լրահոս