ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան ԷրիկասՊետրիկասին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության բնագավառում Լիտվայի հետ համագործակցության հեռանկարները:
«Մեր երկրները համատեղ ծրագրեր են իրականացնում հիմնականում վերարտադրողական, հանրային և հոգեկան առողջության ուղղությամբ։ Այդ համագործակցությունն իրականացվում է հիմնականում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային անդամ-պետությունների հետ համագործակցության շրջանակներում»,-նշեց Արմեն Մուրադյանը։
Նախարարը կարծիք հայտնեց, որ լիտվացի գործընկերների համար հետաքրքիր կարող է լինել Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշների բարելավման, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում գրանցած լուրջ ձեռքբերումները:
Լիտվայի Հանրապետության դեսպանը շնորհավորեց առողջապահության նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Հույս ունեմ, որ Հայաստանում իմ առաքելության ընթացքում մեզ կհաջողվի բարեկամական և աշխատանքային մթնոլորտ ձևավորել»,-նկատեց Էրիկաս Պետրիկասը` հավելելով, որ 2001-2005 թվականներին`Ժնևում իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին սերտ է եղել իր առնչությունը առողջապահական ոլորտի հետ:
«Ինձ համար կարևոր նպատակ է, որպեսզի մեր երկրների մասնագետներն հնարավորություն ունենան համագործակցելու միմյանց հետ»,- շեշտեց Պետրիկասը:
Որպես համագործակցության կարևոր ուղղություն խոսվեց ինչպես ուսանողների, այնպես էլ`բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերի մասին, որոնց իրականացմանգործում Լիտվան կարող է աջակցել Հայաստանին:
Դեսպանն առաջարկեց ստորագրել առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության միջգերատեսչական համատեղ համաձայնագիր, որը հնարավորություն կընձեռի հստակեցնելու համագործակցության հետագա ծրագրերը:
Դիվանագետը նախարարին հրավիրեց առաջիկայում աշխատանքային այց կատարել Լիտվա, ինչն ընդունվեց: