ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ կառավարության որոշման համաձայն` մոտ ապագայում փոքր խանութները պիտի վերանան` իրենց տեղը զիջելով սուպերմարկետներին: Իմ կարծիքով, ինչ-որ տեղ սպառողների համար հարմարավետ կլինի նման խանութներից օգտվելը, բայց այս դեպքում կտուժեն նաեւ անհատ ձեռնարկատերերը, խանութների աշխատակիցները: Ի՞նչ կասի այս մասին Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, նա դե՞մ է խանութների փակվելուն, թե՞ կողմ:

Սեւակ Պողոսյան, 50 տարեկան, ճարտարապետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Կառավարությունում մշակվել է մի կարգ, որում պետք է սահմանվի քաղաքի առեւտրի ցանցի բաշխումը` ի նպաստ սուպերմարկետների:  Տնտեսագիտական մտքում գոյություն ունի սկզբունք. ամենաէֆեկտիվ խանութները դրանք մինչեւ 15 քմ առեւտրի սրահ ունեցող խանութներն են եւ 1500 քմ-ից բարձր սրահ ունեցողները: Դրանից հետեւում է, որ ամեն մեկն իր նպատակն ունի: Գոյություն ունի մոտավորության սկզբունք, այսինքն` որոշակի կառույցներ` մանկապարտեզ, փոստ, այլ կառույցներ` այդ թվում նաեւ խանութները, պետք է որոշակի շառավղով մոտ լինեն տներին: Եւ եթե սպառողը հանկարծ ինչ-որ բան մոռացած լինի, կարողանա թեկուզ իր բակի խանութից գնել: Մեծ խանութներն էլ իրենց առավելություններն ունեն, բայց դրանց հետ մեկտեղ պիտի գործեն նաեւ փոքր խանութները: Օրինակ` Կոմիտասի պողոտայում 4 մեծ սուպերմարկետ կա, եւ հինգերորդն էլ կառուցվում է, ու բնականաբար, այնտեղ գնալով կմեռնի փոքր առեւտուրը: Իսկ մանր առեւտուրն իր անհրաժեշտությունն ունի. ենթադրենք 1 տուփ ծխախոտի համար ինչի՞ պիտի մտնեմ մեծ խանութ, եթե կարող եմ արագ կերպով փոքրից առնել: Ես միանշանակ դեմ եմ, որ փոքր խանութները փակվեն:

Հայաստանի Սպառողների ասոցիացիայի
նախագահ Արմեն Պողոսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոքր եւ միջին բիզնեսի դեմ արշավը նոր թափ է հավաքում: Եթե սուպերմարկետների բարգավաճմանը զուգահեռ փոքր խանութներն ինչ-որ կերպ  կարողանում էին գոյություն քարշ տալ, ապա օրենսդրական նորամուծությունները հավանաբար նման խանութների գործունեությունը միանգամից ու վերջնականապես դադարեցնելու պատճառ կդառնան:




Լրահոս