Սփյուռքում կա երկու ծայրահեղություն․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք «Առավոտ» թերթի խմբագրականից մի հատված.

«Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ իմ շփումը խիստ ոգևորիչ էր մի քանի առումով: Նախ՝ ինձ դուր է գալիս, երբ պաշտոնյաները լրագրողների հետ շփվելիս զսպվածություն և համեստություն են դրսևորում:

Երկրորդը՝ իհարկե, հաճելի էր, որ ամերիկյան քաղաքը ղեկավարում է հայաստանյան ծագում ունեցող երիտասարդը, որը 88-ին` 14 տարեկանում լքել է Խորհրդային Հայաստանը, առաջ է գնացել իր անձնական արժանիքների շնորհիվ՝ դառնալով քաղաքային խորհրդի անդամ, իսկ այնուհետև՝ քաղաքապետ:

Բայց ամենակարևորը նրա առողջ վերաբերմունքն է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Սփյուռքում, որքան տեսնում եմ, կա երկու ծայրահեղություն: «Ավանդական» սփյուռքահայերը եթե հետաքրքրվում են Հայաստանով, ապա միայն ազգային խնդիրների համատեքստում ՝ այնպես, ինչպես իրենք են այդ խնդիրները հասկանում՝ Հայ դատ, ցեղասպանություն պահանջատիրություն: Մեր այդ հայրենակիցները պատեհ չեն համարում խոսելու Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացման, իշխանության լեգիտիմության և վերահսկելիության մասին:

Նրանք, ովքեր այստեղից են գնացել 1990 թվականից հետո [դարձյալ՝ եթե հետաքրքրվում են հայրենիքով], խոսում են հենց այդ խնդիրների մասին: Բայց ցավն այն է, որ այդ «նոր սփյուռքահայերից» շատերն այդ՝ մեզ համար չափազանց ցավալի հարցերին անդրադառնում են չարությամբ՝ կարծես թե ենթագիտակցաբար փորձելով արդարացնել իրենց բացակայությունը:

Զարեհ Սինանյանը զերծ է այդ բոլոր ծայրահեղություններից, և նրա ասածն այն է, որ մենք՝ հայերս, պետք է բոլորս մի անգամ անկեղծորեն «բացատրվենք», բայց բացատրությունը չպիտի տարիներ տևի: Իրար մեղքերն ընդունելուց և սեփական մեղքերը խոստովանելուց հետո պետք է շարժվել առաջ՝ աչքի առաջ ունենալով այն անհերքելի դրույթը, որ բոլոր տեսակի ազգային խնդիրների լուծման բանալին գտնվում է այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս