ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձեւավորված ավանդույթներ, դրսեւորվում է գրեթե բոլոր ուղղություններում եւ, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի զարգացնելու ու խորացնելու համար: ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կարեւորել է հայկական երկու պետություների դատախազությունների համագործակցությունը, մեկ միասնական նպատակի շուրջ` օրինականության երաշխավորում եւ արդարության հաստատում: Նման ներկայացուցչական կազմով ՀՀ դատախազության պատվիրակությունն առաջին անգամ է Արցախում: Գեւորգ Կոստանյանը վստահեցրել է, որ այցելությունները կլինեն պարբերական: Արցախյան եռօրյան արդյունավետ կլինի դատախազական կորպուսի ղեկավար կազմի համար: ՀՀ դատախազը համոզված է` յուրաքանչյուրի մոտ ձեւավորվելիք գիտակցությունը կփոխանցվի համակարգի բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներին եւ տեղի կունենա արժեհամակարգի փոփոխություն: Այն իմաստով, որ յուրաքանչյուր որոշում կայացնող կհասկանա, որ իր վճիռը ուղղակի ազդեցություն ունի զինվորի, հետեւաբար երկրի պաշտպանունակության վրա: ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո կայացել է ՀՀ եւ ԼՂՀ դատախազությունների համատեղ նիստը:
Քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես պետական շահերի պաշտպանության, կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներում: Նիստի ավարտին ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հուշանվեր է հանձնել Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին: