ԱՄՆ-ում` Նյու Յորքի կենտրոնական զբոսայգում, 1989թ. կնոջը դաժանաբար բռնաբարելու համար անարդարացի դատապարտված հինգ տղամարդիկ համաձայնության են եկել քաղաքի իշխանությունների հետ:
Փոխհատուցման գումարը, որը դեռ պետք է հաստատի դաշնային դատավորը, կազմում է 40 մլն դոլար:
Հինգ աֆրա և լատինաամերիկացի դատապարտյալները դատավճռի կայացման ժամանակ դեռահասներ են եղել: Նրանք կալանքի տակ են անցկացրել 7-13 տարի, մինչև որ 2002-ին ի հայտ են եկել ապապցույցներ մեկ այլ տղամարդու դեմ:
Պարզվել է, որ դա սերիացի բռնաբարող Մատիաս Ռեյեսն է, ով խոստովանական ցուցմունք է տվել և հայտարարել, որ գործել է միայնակ: Զոհ դարձած բանկի աշխատակցուհի Թրիշա Մեյլիին դաժանորեն ծեծել էին, բռնաբարել և մահամերձ լքել թփերում, սակայն նրան ժամանակին օգնության են հասել: Ինքը՝ կինը, չի հիշում հարձակման մանրամասները:
Ձերբակալումից հետո Ռայմոնդ Սանտանային, Քեվին Ռիչարդսոնին, Անտրոն Մք’Ռեյիին և Քորի Վայզային մի քանի ժամ հարցաքննել են առանց փաստաբանի: Նրանք խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն հետագայում հրաժարվել դրանցից: Չնայած դեպքի վայրում չլինելու վերաբերյալ առկա ապացույցներին՝ տղաներին մեղավոր են ճանաչել:
2003թ. հինգն էլ հայց են ներկայացրել Նյու Յորքի իշխանությունների դեմ՝ պահանջելով 250 մլն դոլար բարոյական վնասի փոխհատուցում: Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում Մայքլ Բլումբերգին փոխարինած Բիլլ դե Բալզիոն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր հնգյակի հետ համաձայնության գալ:
Հինգ դեռահասների պատմությանն է նվիրված Սարա Բերնսի «Հնգյակը կենտրոնական զբոսայգուց. քաղաքային խուլիգանության խրոնիկա» գիրքը:
2012թ. էկրանների վրա էր հայտնվել համանուն վավերագրական ֆիլմը, որը հաջորդ տարի արժանացել է «Պիբոդի» մրցանակին: