Գործարար վերնախավը արհամարհած ունի Հովիկ Աբրահամյանին: Ավելի քան մեկ ամիս է անցել նրա ՝ ստվերից դուրս գալու մասին սպառնալից կոչերից, բայց խոշոր գործարարներից որևէ մեկը ո՛չ հարկերից խուսափելու անուղղակի մեղադրանքն է ընդունել, ո՛չ էլ հարկեր վճարելու հարցում ավելին է խոստացել:
Իսկ հուլիսի 1-ին՝ վարչապետի սահմանած վերջնաժամկետին, մի քանի օր է մնացել: Հիմա արդեն շատ հետաքրքիր է՝ վարչապետն է ձախողելու, թե գործարարները: Այս հարցի պատասխանը, սակայն, պարզ էր հնչելու օրից. գործարարները վարչապետին չեն լսելու ու նրա պահանջը չեն ըդնունելու՝ հասկացնելով, որ «ինչ ուզում ես արա, եղածից էլ գոհ եղիր»:
Կոչերի միջոցով հարկային մուտքերի ավելացումը, ինչ խոսք, անհնարին լինելու չափ անհավանական է: Մանավանդ որ մեր երկրում գործարար հատվածը քաղաքացիական գիտակցություն չուն և իր գրպանը հայրենիքից շատ է սիրում: Այս իմաստով հարկ է արձանագրել ու փաստել, որ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ նախաձեռնությամբ, որն ի սկզբանե չուներ հեռանկար: Բնական է, որ այս մասին ինքն էլ լավ գիտեր: Եվ ուրեմն ի՞նչ է անելու նա հուլիսի 1-ից հետո… Մեզանում որևէ պաշտոնյա, ցավոք, հաշվետու չէ հասարակությանը, և լռելով (բացի վարչապետի պաշտոնում առաջին ձախողումներից մեկը գրանցելուց) օլիգարխիային «սանձահարողը» ոչինչ չի կորցնում: Այլ հարց է, որ այստեղ ավելի անազնիվ տարբերակ է ընտրվելու ու Սերժ Սարգսյանի ասած «քամի տատանելու» միջոցով փորձ է արվելու հասարակության խաբել, թե օլիգարխներն անցել են վարչապետի թրի տակով և անհամեմատ պարտաճանաչ հարկատու են դարձել:
Դավիթ Վանեսյան