ՆԻԿՈՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԿՈԾԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սամվել Նիկոյանը կարծես թե մասնագիտացել է հանցանքներ կոծկելու հարցում: Շատերը կհիշեն, թե ինչպես Նիկոյանը ղեկավարեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը` ամեն ինչ անելով այդ ոճրագործության իրական մեղավորներին պարտակելու հարցում: Նույն կերպ նա պարտակում է նաեւ իր գործընկերների արարքները: Երեկ, քննարկելով Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի` ուրիշի փոխարեն քվեարկած ԱԺ պատգամավորներին` Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին, Արա Բաբլոյանին ու Արեգ Ղուկասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար ՀՔԾ ուղարկած եւ այնտեղից իրեն վերահասցեագրված դիմումը, Նիկոյանն ուշագրավ որոշում է կայացրել: «Դիմել ՀՀ Ազգային Ժողովի խմբակցություններին` կոչ անելով աշխատանք տանել հետայսու համանման երեւույթները բացառելու համար»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Այս որոշումը Նիկոյանը կայացրել է երեկ հրավիրված խորհրդակցության ժամանակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` դրան մասնակցել են ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներն ու ՀՀԿ-ական պատգամավորները, այդ թվում` ԱԺ կանոնակարգ օրենքը խախտածները: Հասկանալի է` Նիկոյանը ոչ միայն այդքան համարձակություն չունի պատգամավորներին պատժելու համար, այլեւ չի կարող նման քայլի գնալ, քանի որ հենց այդպիսիների շնորհիվ են ԱԺ-ում կրիտիկական օրերին անցկացնում օրենքները:




Լրահոս