ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՄԱՐԳԱՐԻՑ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատական նիստերը մոտենում են ավարտին: Եւ որքան ավելի մոտ է ավարտը, այնքան ավելի են «կրքերը թեժանում»: Վերջին դատական նիստի ժամանակ մեղադրյալը սենսացիոն հայտարարություն է արել, նա մասնավորապես նշել է, որ իր վրա հարուցված քրեական գործը «սարքվել է» նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից: Եւ չնայած Սարգսյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում հերքեց մեղադրանքը, այդուհանդերձ, լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար փորձեցինք զրուցել Մարգար Օհանյանի եղբոր` Մուշեղ Օհանյանի հետ, ով նախկինում Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետն էր, իսկ ներկայում` Արմավիրի մարզային վարչության Մեծամորի ոստիկանության բաժնի պետը:
-Պարո՛ն Օհանյան, ո՞ւմ նկատի ուներ Ձեր եղբայրը, երբ հայտարարեց, որ իրեն ասել են՝ «պետք ա գա, ընկնի մեր ոտքերը»:
-Ինչ որ դատական նիստի ժամանակ ասել է Մարգարը, ասել է անուն-ազգանունով, կարող եք ինքներդ լսել ձայնագրությունը հեռուստատեսությամբ, ամբողջ խոսակցությունը ձայնագրվել է:
-Եթե խոսքը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասին է, այժմ նա այլեւս ոստիկանապետ չէ, ընդամենը Սերժ Սարգսյանի խորհրդականն է, այդ դեպքում ո՞ւմ նկատի ունի Օհանյանը, երբ ասում է, որ իրեն հետապնդում են:
-Նա չի ասել` հետապնդում են, ինչ-որ տարաձայնություններ են եղել… հետո նա հիմիկվա համար չէր ասում, ժամանակահատվածներով կոնկրետ նշել է:
-Կարելի է ասել, որ Դուք եւ ներկայիս ոստիկանապետ Վովա Գասպարյանը նույն համակարգում եք աշխատում…
-Իմ աշխատելն ի՞նչ կապ ունի Մարգարի գործի հետ, նենց հարցե՛ր տվեք, որ գործին ինչ- որ օգուտ տա, իմ աշխատել-չաշխատելը ոչ մի կապ չունի:
-Թույլ տվեք ավարտել հարցս, Դուք, լինելով Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ, գործի բերումով առնչվում եք ոստիկանապետի հետ, երբեւէ քննարկե՞լ եք Մարգար Օհանյանի հարցը նրա հետ կամ միգուցե միջնորդություն խնդրել նրանից` ազատ արձակելու Ձեր եղբորը:
-Ես եւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը երբեք անձնական բնույթի թեմաներով չենք խոսում: Ի՞նչ եք կարծում, ոստիկանապետի հետ ես պիտի դնեմ, տենց հարցե՞ր քննարկեմ: Չի եղել նման բան:
-Այսինքն` Դուք եւ Վովա Գասպարյանը երբեւէ Մարգար Օհանյանի մասին չե՞ք խոսել:
-Ո՛չ, երբեք:
-Դատավարությունը մոտենում է ավարտին, ի՞նչ եք կարծում, Ձեր եղբորը կդատապարտե՞ն, թե՞ ազատ կարձակեն:
-Հետաքրքիր հարց եք տալիս, բա իմ եղբայրն ա, կարո՞ղ ա ուզեմ ձերբակալեն: Հետո ես միշտ էլ ասել եմ, ես համոզված եմ եւ հիմա էլ պնդում եմ, որ նա անմեղ է:
-Պարո՛ն Օհանյան, կա՞ ինչ-որ բան, որ կցանկանաք ավելացնել Մարգար Օհանյանի դատի վերաբերյալ:
-Ո՛չ, բան չունեմ ասելու, ի՞նչ ավելացնեմ, իբր ինքը քիչ ա ասել, ես էլ ավելացնե՞մ:
Հ.Գ. Նշենք, որ Մարգար Օհանյանի ոստիկան եղբայրը բավականին դժկամորեն էր պատասխանում «Ժողովուրդ»-ի հարցերին, դրա համար էլ հասկանալի չդարձավ` ինքը գիտե՞ր, որ եղբոր գլխին Ալիկ Սարգսյանն է «սարքել»: Եւ եթե այո, ապա ինչպե՞ս էր նրա ղեկավարության ներքո աշխատում նույն համակարգում: «Ինձ աշխատանքի մասին հարցեր մի՛ տվեք, ամեն ինչ դատարանում ասվել է»,-անվերջ այս նախադասությունն էր կրկնում Մուշեղ Օհանյանը:

Զրուցեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս