ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` «ՓԼԵՅԲՈՅ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանի` մեր թերթին տված հարցազրույցին, նրան համեստության կոչ արեց:
-2007թ. ընտրություններում Ձեր նախկին մրցակից թեկնածու Լյովա Խաչատրյանը իր հասցեին Ձեր «անլուրջ» որակմանն հակադարձել էր, թե Դուք եք անլուրջ:
-Ես անլուրջ չէի անվանել, այլ ասել եմ, որ կան ավելի լուրջ թեկնածուներ, նաեւ խորհուրդ էի տվել մեծ-մեծ չխոսել ժողովրդի անունից: Իսկ նախորդ ընտրություններում թիվ 14 ընտրատարածքում ես Լյովա Խաչատրյան մարդու չեմ հանդիպել, ես հանդիպել եմ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության: Լյովա Խաչատրյանն աճուրդի հանված պատգամավոր է, որը նախկինում տանիք էր փնտրում ՀՀԿ-ում, հետո` ՕԵԿ-ում: Նախորդ ընտրություններում քարոզարշավին ասում էր` իրեն սատարում է ՀՀԿ-ն: Բայց նա մոռացել է այդ ամենը: Վերջերս ՕԵԿ-ի շուրջբոլորն էր պտտվում: Հիմա էլ հայտարարում է` անկախ է: Իրականում նա ոչ միայն անկախ չէ, այլեւ, բանից պարզվում է, շատ մարդկանցից ու շատ բաներից է կախված: Երեւի մոռացել է այդ ամենը, մոռացել նաեւ, որ ԱԺ ընտրություններից հետո մասնակցեցի պատգամավոր դառնալու կապակցությամբ նրա կազմակերպած խնջույքին: Սա Հայաստանում աննախադեպ երեւույթ է: Բայց նա ապերախտ գտնվեց, եւ այդ ամենի դիմաց նրա կողմից վիրավորանքներ եմ ստանում: Թեեւ դա ոչ թե Լյովա Խաչատրյանի, այլ «Նիգ-Ապարան»-ի խնջույքն էր:
-Իսկ ո՞րն է Խաչատրյանի նման պահվածքի պատճառը, չէ՞ որ հիմա էլ իրար դեմ չեք մրցելու. Դուք ասել եք, որ առաջադրվելու եք թիվ 15 ընտրատարածքում, իսկ ինքը` թիվ 14-ում:
-Ես նրան խորհուրդ եմ տալիս ապերախտ չգտնվել, չմոռանալ իր բարեկամներին, իր ընկերներին, որոնց շնորհիվ դարձավ պատգամավոր: Խորհուրդ եմ տալիս չմոռանալ իր նախնիներին, որովհետեւ եթե մեր տանն իմ հոր նկարն է փակցված, ապա ինքն իր բակում էշի արձան է տեղադրել: Եւս մեկ խորհուրդ` թող ուրիշի մեդալը վզին գցած սպորտսմենի նման այլոց հաղթանակներն իրեն չվերագրի: «Փլեյբոյի» տղայի նման չի իջնում մամուլի էջերից ու ժողովրդի անունից է խոսում: Ի՞նչ իրավունքով է ժողովրդի անունից խոսում, երբ ժողովրդի կեսը նրան չի ճանաչում: Թիվ 14 ընտրատարածքը միայն Ապարանի գյուղերը չեն, թող հետաքրքրվի` Աշտարակի գյուղերի բնակիչների քանի տոկոսը գիտի իրեն: Իհարկե չգիտեն: Իր հասկացությամբ պատգամավորն ընդամենը կոճակ սեղմող է: Մինչդեռ ես պետությունից ստացած աշխատավարձս փոխանցում եմ հաշմանդամ երեխաների հասարակական կազմակերպություններին, մշակույթի տներին: Խաչատրյան Լյովային սթափության եւ համեստության կոչ եմ անում եւ բարեկամաբար խորհուրդ տալիս` անկյուն քշված կատվի նման թող չթռնի մարդկանց վրա ու չծանրացնի իր` առանց այն էլ ծանր վիճակը: Թող իրեն այնպես պահի, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո երես ունենա` դիմելու մարդկանց: Անպայման կօգնենք ու նրա համար տարածքում հաստատ մի աշխատանք կգտնենք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս