ԹՈՔԵՐՈՒՄ ԹԱՐԱԽ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանակում կրկին դժբախտ դեպք է տեղի ունեցել. փետրվարի 20-ին` ժամը 9:50-ի սահմաններում, մահացել է ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը: Տեղեկացանք, որ Նարեկին փետրվարի 16-ին ՊՆ կենտրոնական կլինիկայի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել եւ միայն նրա մորն են  թույլ  տվել  մի քանի րոպեով տեսակցել որդուն: Նարեկի մայրիկին` Նազիկին, տեղեկացրել են, որ որդին թոքաբորբով է հիվանդացել, եւ վիճակը ծանր կայուն է: Իսկ մի քանի օր հետո հայտնել են, որ Նարեկի կյանքը հնարավոր չի եղել փրկել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Նարեկ Մարտիրոսյանը երկկողմանի օջախային թոքաբորբ, ձախակողմյան էքսուդատիվ պլեւրիտ` անբավարար շնչառություն ախտորոշմամբ է տեղափոխվել հոսպիտալ: Նարեկը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել 2011 թվականի գարնանը:
Երեկ նրա մայրը` Նազիկ Հարությունյանը, Երեւանում էր, եկել էր որդու դիահերձմանը մասնակցելու եւ նրա դին Վայք տեղափոխելու համար: Տեղեկացանք, որ Նարեկի մայրը Վայքի ատամնաբուժարանում բուժքույր է աշխատում: Զրուցեցինք Նազիկի ամենամոտ ընկերուհու` Վարդուհի Հայրապետյանի հետ, վերջինս լացակումած հազիվ կարողացավ պատմել, թե  ինչ կերպ է Նազիկը տեղեկացել, որ իր որդին Ստեփանակերտի հոսպիտալից ծանր վիճակում տեղափոխվել է Երեւան: Տիկին Վարդուհին նշեց, որ իր որդին Նարեկի մտերիմ ընկերն է, եւ ինքն էլ է մասնակցել դիահերձմանը. «Ասեց, որ թոքերում պինդ թարախ ա եղել, չկարողացավ ավել բան ասեր, երեւի հեսա իրանց հետ գալու ա, կիմանանք, թե ինչ ա եղել, մենք առայժմ այդքանը գիտենք, թոքաբորբով հիվանդ ա եղել, նախ պառկել ա Ստեփանակերտի հոսպիտալում, հետո տեղափոխել են Երեւան»:
Մեր զրուցակիցը նշեց, որ Նարեկն իր աչքի առաջ է մեծացել, ինքը լավ է ճանաչում նրան եւ վստահ կարող է ասել, որ ժամկետային զինծառայողը մինչ այդ որեւէ առողջական խնդիր չի ունեցել. «Սկզբում Նարեկը ծառայում էր Հոկտեմբերյանի զորամասում, իրան նոյեմբերի 6-ին են տեղափոխել Ստեփանակերտի Ցոր զորամաս, Նարեկի մաման գնացել ա հունվարի 26-ին ու Նարեկին տեսել ա ողջ-առողջ, իսկ փետրվարի 11-ին Նարեկի մամայի ծննդյան օրն էր, ես էլ իրենց տանն էի, Նազիկն ասաց, որ Նարեկը հազում էր ու տրամադրություն չուներ, Նազիկն էլ լացեց, ասեցի լավ,  էրեխեն երեւի մտքով ստեղ ա, դրա համար ա անտրամադիր, մի՛ նեղվի»:
Նարեկը իրենից մեծ եղբայր ունի, որը նոր է բանակից զորացրվել, վերջինս, պարզվում է, տեղյակ է եղել, որ եղբայրը հիվանդ է եւ հոսպիտալում է գտնվում. «Նարեկի եղբայր Արմենն իմացել էր, որ եղբորը տեղափոխել են Երեւան` հոսպիտալ, իմ տղան էլ ա տեղյակ եղել, զանգեց, ասաց, որ գնացել է հոսպիտալ եւ իմացել, որ Նարեկը ծանր վիճակում պառկած է: Իսկ Արմենն էլ էկել էր մորը տաներ, որովհետեւ ասել էին` բացի մորից, ուրիշի չեն թողնում Նարեկի մոտ»:
 Տիկին Վարդուհին պատմեց, որ իր ընկերուհին գնացել է հոսպիտալ եւ որդուն տեսել ծանր վիճակում: «Իր մահվան օրը, ասում են, ծայրահեղ ծանր վիճակում ա եղել Նարեկը, ընկել ա ցնցումների մեջ, մայրը հասցրել ա որդուն տեսնի, հետո, որ Նազիկի հետ խոսեցի,  ասաց` Նարեկը տեսնելու չի,  վիճակը ծանր ա: Ես  իմացել եմ, որ մի տոկոսի հույս չի եղել, ինքը վերջին օրերը ապարատի միջոցով էր շնչում, իրան երբ տեղափոխել են Երեւան,  արդեն  վիճակը ծայրահեղ ծանր է եղել»,-արտասվելով ասաց նա:
19-ամյա զինվորը 9 ամիս էր, ինչ ծառայության մեջ էր գտնվում, նա եղբոր վերադարձից հետո էր ծառայության գնացել: Նարեկն իր մոր եւ եղբոր հետ էր բնակվում, քանի որ հայրը` Արթուրը, վեց  տարի առաջ առողջական խնդիրների պատճառով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Իտալիա` բուժում ստանալու. «Երիկամների խնդիր ուներ, կարելի ա ասել` մահվան դուռը գնաց հետ եկավ, հետո նրա բարեկամներն արտասահման տեղափոխեցին, հիմա էնտեղ ա բուժում ստանում, բայց հորը հլը չենք ասել, որ Նարեկը մահացել ա, Նազիկն էլ էր խաբել,  չէր ասել, որ Նարեկը ծանր վիճակում հոսպիտալում ա գտնվում: Նոր ենք Արթուրի ընկերոջը տեղեկացրել, որ հասկացնի, թե նման վատ բան ա եղել»:
Տեղեկացանք, որ Նարեկին արդեն տեղափոխել են Վայք եւ  այսօր  հուղարկավորելու են: ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը փոխանցեց, որ փաստի առթիվ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:  Նարեկ Մարտիրոսյանի մահվան առնչությամբ դեռեւս  քրեական գործ չի հարուցվել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս