ԱԽԹԱԼԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ Է ՍԿՍՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս տեղեկություն տարածվեց, որ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մեթըլ փրինս» ընկերությունում բողոքի մեծ ակցիա է սկսվել: Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները ստորագրություններ են հավաքում սեփականատեր Սերոբի տիկնոջ` Մադլեն Թաշճյանի դեմ, ով, իրենց կարծիքով, կոպտորեն խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը: «Ժողովուրդ»-ը զրուցեց Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ, որը վստահեցրեց, թե լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները ստորագրահավաք են սկսել իրենց աշխատավարձերի բարձրացման խնդրանքով  Սերժ Սարգսյանին դիմելու համար:
Ըստ դժգոհությունների` Մադլեն Թաշճյանը մարդկանց աշխատեցրել է հունվարյան տոն օրերին` մինչեւ հունվարի 8-ը ներառյալ, բայց հրաժարվել է  կրկնակի վճարել, ինչպես պահանջում է օրենքը: «Ժողովուրդ»-ը փորձեց կոմբինատի սեփականատիրոջից` Մադլեն Թաշճյանից,   ճշտել, թե ինչու են աշխատակիցները բողոքի դուրս եկել: Սակայն տիկին Թաշճյանը վստահեցրեց, որ դրանք ընդամենը ստահոդ տեղեկություններ են: «Մեր կարծիքով` դա ուղղված է կոմբինատի աշխատանքների բնականոն ընթացքի խաթարմանը»,-եզրափակեց Տեր-Պողոսյանի կինը:
Տեղեկություններ կան նաեւ, որ այս ամենի հեղինակները Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանն ու  նրա եղբայր, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն են: Զրուցեցինք Հայկազ Խաչիկյանի հետ` պարզելու` արդյոք նրանք են տեղեկություններ տարածում, թե կոմբինատի աշխատակիցներն աշխատավարձերի հետ կապված  բոյկոտում են  եւ չեն ցանկանում աշխատել Տեր-Պողոսյանի կնոջ հետ: Խաչիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն որքան ժամանակ է` խոսում են, թե Խաչիկյաններն են այդ ամենի հեղինակները, որոնք այդպիսով փորձում են Տեր-Պողոսյանի ձեռքից խլել կոմբինատը, սակայն դա այդպես չէ:
«Բանվորությունը ստորագրահավաք է սկսել Սերոբ Տեր-Պողոսյանի ընտանիքի դեմ, իրա ընտանիքը ո՞րն ա: Կարող ա մի հոգի ա տենց մտածում, բայց 3000-ն էլ հակառակն ա մտածում, ես ո՞նց պիտի նպաստեմ, որ այդ մարդիկ ստեղից դուրս գան, կարո՞ղ ա ես եմ ստորագրահավաք անում, իրենք են սկսել»,-ասաց Ախթալայի քաղաքապետը: Խաչիկյանը նշեց, որ աշխատակիցները սկզբում որոշել են գործադուլ հայտարարել, սակայն չեն արել, քանի որ տարիներ առաջ, երբ նման քայլի են գնացել, շատերին աշխատանքից հեռացրել են:
«Հիմա ստորագրություն են հավաքում, գնում են նախագահի մոտ, ուզում են, որ իրենց աշխատավարձերը բարձրացնեն: Ես ծանոթ եմ խնդրին, մարդիկ պահանջ են ներկայացնում, բողոքում են, եւ դա նոր չէ, ուղղակի իրենք միշտ զսպել են իրենց, վախեցել են, իսկ հիմա չեն կարում, բայց մարդիկ, փաստ է, որ ստորագրություն են հավաքել եւ դիմել են նախագահին: Ամեն օր գալիս են, ինձ ասում են` ինչ անենք,  ոնց անենք, որ մեր աշխատավարձերը բարձրանա, պայմանները լավանա, իրանք են գալիս ինձ դիմում»,-վստահեցրեց Հայկազ Խաչիկյանը:
Նշենք, որ փետրվարի 23-ին` ժամը 14:00-ին, Ախթալայում լեռնահարստացման կոմբինատի տնօրինությունն ասուլիս է հրավիրել` պարզաբանելու համար, թե իրականում ինչ է կատարվում կոմբինատում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս