«Դեմ եմ»-ը՝ ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով է հանդես եկել՝ դիմելով ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Նախաձեռնությունը պահանջում է վարույթ հարուցել և քննարկման առարկա դարձնել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը:

Հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 21-ին՝ կեսօրին ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց) մի խումբ քաղաքացիներ կազմակերպել էին ակցիա՝ իրենց դժգոհությունն արտահայտելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հապճեպ ընդունման և ՀՀԿ խմբակցության ամբարտավան վարքագծի դեմ: «Քվեարկությունից հետո պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, դուրս գալով ՀՀ Ազգային ժողովի շենքից անվայելուչ արտահայտություն է արել շենքի դիմաց գտնվող քաղաքացիների հասցեին՝ նրանց անվանելով՝ «Արա, դուք պիդեռներ եք», ինչին մի խումբ քաղաքացիներ համապատասխան արձագանքել են՝ մանրադրամներ նետելով նրա ուղղությամբ»,- ասվում է նամակում, այնուհետև նախաձեռնությունը հավելում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները, և 44-րդ հոդվածի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու, պահանջները` գտնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից հայհոյանք պարունակող արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող հանրային ծառայողին ոչ հարիր և պատշաճ վարքագիծ է, ինչպես նաև էթիկայի կանոնների կոպիտ խախտում:

Նման վարքագծի դրսևորումն էլ ավելի է խորացնում հարգանքի եւ վստահության բացակայությունը ոչ միայն իր, այլ նաև իր անդամակցած կուսակցության նկատմամբ:

Ակնկալում ենք սեղմ ժամկետում արձագանքել հանրության այս պահանջին՝ վարույթ հարուցել և քննարկել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու փաստը»:




Լրահոս