Ընտանեկան նպաստին վերաբերող որոշման մեջ կառավարության կողմից կատարված վերջին փոփոխությունները դժգոհության մեծ ալիք են բարձրացրել Վանաձորում: Մարդիկ առավոտից երեկո Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի եւ անձնագրային բաժանմունքի միջանցքներում են անցկացնում: Հերթերը, անորոշությունն ու դժգոհությունը մեծ են: Օրինակ` Լեռնապատ գյուղի մի բնակչուհի, ով հասկանալի պատճառներով չներկայացավ, դժգոհ է նրանից, որ մինչ նոր օրենքի ընդունումը, ընտանիքի բացակա անդամների մասին տեղեկանք տրամադրում էր գյուղապետը, իսկ այժմ «աղջիկներս իրենք պետք է տեղեկանք ուղարկեն կամ վերադառնան Հայաստան գրանցումից դուրս գալու համար, ինչն անհնար է»: Դժգոհությունների պատճառների մասին զրուցեցինք Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետ Կարեն Գրիգորյանի հետ, ով մարդկանց դժգոհություններն արդարացի է համարում: Եթե նախկինում ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանք տրամադրում էր համատիրությունը, եւ ՀՀ-ից դուրս գտնվող ընտանիքի անդամի մասին տվյալը տրված տեղեկանքի համաձայն ֆիքսվում էր Սոցիալական ծառայության տարածքային բաժնի տեղեկատվական բազայում, ապա այժմ հիշյալ անդամի մասին տվյալը ֆիքսվում է միայն նրա կողմից սոց.ծառայությանը համապատասխան երկրից տեղեկանք ներկայացնելու դեպքում, ինչը պարոն Գրիգորյանը լուրջ խնդիր է համարում. «Մեր քաղաքացիներից շատերը հանրապետությունից դուրս են ապրում եւ աշխատում են ոչ օրինական, բնականաբար, որեւէ տեղեկանք ներկայացնել չեն կարող»: Երկրորդ խնդիրն էլ Կ. Գրիգորյանը համարում է այն, որ սեփականատիրոջ բնակարանում վարձակալությամբ բնակվող ընտանիքը նպաստ ստանալու համար պետք է փաստացի հաշվառվի սեփականատիրոջ բնակարանում: Վերջինիս համաձայնությունն այս դեպքում պարտադիր չէ: Կարեն Գրիգորյանը զարմանում է. «Ո՞ր սեփականատերը թույլ կտա գրանցվել իր բնակարանում, կամ ի՞նչ կանի, երբ իմանա, որ առանց իր գիտության այնտեղ գրանցվել են»: Մյուս խնդիրը վերաբերում է գյուղական համայնքներին: Մինչ այօր գյուղապետարանի որոշմամբ, որպես առանձին տնտեսություն համարվող ընտանիքներին տրվել են տեղեկանքներ, սակայն այսօր, քանի որ դրանք համարվում են մեկ հասցե, իսկ այդ հասցեում գրանցված է 10-15 քաղաքացի, կրկին առաջանում է խնդիր: Այդ հարցը սոցիալական ծառայությունը փորձում է լուծել աջակցության խորհրդի կողմից կատարվող ուսումնասիրության միջոցով: «Կառավարության համապատասխան որոշման հետեւանքով, ավելի շատ տուժում են աղքատ ընտանիքները»,- ասում է պարոն Գրիգորյանն ու ավելացնում, որ այսօրվա 6500 նպաստառուներից շուտով Վանաձորում կմնան մոտավորապես 2000-ը: Վանաձորում հունվար ամսին փաստագրվել է 178 նպաստառու 506-ի փոխարեն: Ամբողջ հանրապետության տարածքում փաստագրվողների թիվն այսօր 20% է, իսկ Վանաձորում` 30%: Արդեն փետրվարի կեսն է, սակայն սոց.ծառայության Վանաձորի տարածքային բաժնում այս ամիս դեռ ոչ մի փաստագրում չի կատարվել: Թեեւ ժամկետները երկարաձգվել են:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՄԱՆՅԱՆՎանաձոր
ՈՒՆՔԸ ՇԻՆԵԼՈՒ ՏԵՂԸ, ԱՉՔՆ ԵՆ ՀԱՆԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ