ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավաբան Հակոբ Ճարոյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին է ուղարկել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխությունների վերաբերյալ իր նկատողություններն ու առաջարկությունները:  
Հիշեցնենք, որ 28.12.2011թ.-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-339) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՕ-341) ՀՀ օրենքները, որոնք 29.12.2011թ.-ին ստորագրվել են ՀՀ նախագահի կողմից, 09.01.2012թ.-ին հրապարակվել Պաշտոնական տեղեկագրում եւ ուժի մեջ են մտել 19.01.2012թ.-ից: Այդ փոփոխություններից հետո այսուհետ դատարաններում իրավաբանները չեն կարող լինել ներկայացուցիչներ: Միայն փաստաբանական պալատի անդամները կարող են դատարանում հանդես գալ որպես ներկայացուցիչ:
Հակոբ Ճարոյանը հիմնավորել է, որ ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները հակասահմանադրական են, քաղաքացու եւ իրավաբանական անձի` ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքները խախտում են: Երիտասարդները, ավարտելով իրավաբանական ֆակուլտետը, ըստ էության, չեն կարող աշխատել, եթե չավարտեն նաեւ փաստաբանական դպրոց:
ՀՀ Սահմանադրության 75 հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ազգային Ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին եւ կառավարությանը»:
Քանի որ ՀՕ-339 եւ ՀՕ-341 օրենքների հիման վրա ՀՕ-247 եւ ՀՕ-29-Ն ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները հակասահմանադրական են` խախտվել են քաղաքացու եւ իրավաբանական անձի ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքները, ապա ՀՀ Սահմանադրության 75 հոդվածի պահանջներից հետեւում է, որ կառավարությունն իրավունք ունի ՀՕ-339 եւ ՀՕ-341 օրենքներն ուժը կորցրած ճանաչելու օրենսդրական նախաձեռնությամբ դիմելու Ազգային Ժողովին:
Հակոբ Ճարոյանը խնդրել է նաեւ իր առաջարկությանն ընթացք չտալու դեպքում նշել, թե ովքեր են ՀՕ-339,  ՀՕ-341 օրենքների հեղինակները, եւ ինչ նպատակով են ընդունվել դրանք: Փաստաբանը նաեւ խնդրել է, որ նշեն` արդյոք այդ օրենքներն ընդունելուց առաջ պարզել են դրանց հակասահմանադրական լինելու փաստը: Առաջարկությանը կից նա ներկայացրել է նաեւ «Փոփոխությունները հակասահմանադրական են» հոդվածը, որը տպագրվել է «Ժողովուրդ» օրաթերթում: Տեսնենք, թե ինչ կպատասխանեն վարչապետն ու արդարադատության նախարարը:  

ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս