Երեւանում վճարովի ավտոկանգառների բիզնեսն օր օրի բարգավաճում է: Ավտոկանգառներում թեկուզ մի քանի րոպե կանգնելու դեպքում, միեւնույն է, պետք է վճարես սահմանված գումարը, որի միջինը կազմում է 200 դրամ:
Մայրաքաղաքում գործող օբյեկտներից շատերն ունեն իրենց վճարովի ավտոկանգառները, որոնց թվում է նաեւ «Տրիումֆ» բար-սրճարանը: Վերջերս սրճարանը թռուցիկների տեսքով հետեւյալ բովանդակությամբ հայտարարություն էր տարածել. վարորդները պետք է վճարեն 200 դրամ ավտոկանգառի համար, սակայն սրճարանի տնօրինությունը պատասխանատվություն չի կրում մեքենայի պահպանության եւ անվտանգության համար: «Վարորդները վճարում են միայն տեղի համար, իսկ ավտոմեքենայի հետ կապված` մենք գործ չունենք»,-նշեց «Տրիումֆ» բար-սրճարանի տնօրենը, ով այդպես էլ չցանկացավ ներկայանալ:
«Բանն այն է, որ մենք վճարում ենք միայն տեղի համար, իսկ անվտանգության մասին խոսք չկա: Այդ որոշումն Ազգային Ժողովն է կայացրել, այսինքն` հսկիչը որեւէ պատասխանատվություն չի կրում մեքենայի համար»,-մեկնաբանեց ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Զորեն Մնացականովիչը:
«Այդ ավտոկանգառներում մենք միայն տեղի համար ենք վճարում, ստացվում է, որ մենք տեղն ենք գնում, իսկ անվտանգության եւ ապահովության համար նրանք որեւէ պատասխանատվություն չեն կրում: Ավտոկանգառներ կան, որոնք նույնիսկ կտրոններ են տրամադրում, սակայն մենք վճարում ենք ոչ թե ապահով տեղի, այլ պարզապես տեղի համար: Մինչդեռ այն ավտոկանգառները, որոնց մոտ կա անվտանգության կետ, այդ ավտոկանգառներում նաեւ պետք է ապահովեն անվտոմեքենայի անվտանգությունը»,-նշեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը:
Այս դեպքում հարց է առաջանում. էլ ինչո՞ւ ենք վճարում այդ գումարը, եթե վճարովի ավտոկանգառից անգամ մեքենադ գողանալու դեպքում կայանավայրի տերը կամ հսկիչը որեւէ պատասխանատվություն չեն կրի: Մինչդեռ հսկիչը ավտոկանգառ մոտեցող ավտոմեքենա տեսնելուն պես արագ մոտենում եւ ամեն կերպ փորձում է որեւէ կերպ օգնել վարորդին, կամ էլ ընդհակառակը, ավելի խանգարել. չէ՞ որ վերջում իր այս աշխատանքի համար պետք է գումար պահանջի:
Դեռեւս 2000թ-ից Երեւանի քաղաքապետի որոշմամբ կայանատեղին շահագործող կազմակերպությունը պարտավոր է կայանավայրում պահպանել հետեւյալ երեք չափանիշները. P նշանը, որը վկայում է կայանման թույլտվության մասին, կայանման ձեւի ցուցատախտակը ¥թե ինչ դիրքով պետք է վարորդը կայանի մեքենան¤ եւ վճարովի ծառայության վերաբերյալ ցուցատախտակը, որում պետք է նշված լինի ծառայության արժեքը:
Ըստ քաղաքապետի թիվ 31/4 որոշման` Երեւանի վճարովի ավտոկանգառների հսկիչները վճարումների դիմաց վարորդներին պետք է տան նաեւ համարակալված կտրոն, որը կհավաստի, որ տվյալ տրանսպորտային միջոցը կայանել է տվյալ ավտոկանգառում: Մինչդեռ քաղաքապետի որոշման այս կետին Երեւանում գործող գրեթե ոչ մի կայանատեղի չի հետեւում:
200 ԴՐԱՄ ՈՉՆՉԻ ՀԱՄԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ