Ո՛Չ ՄԵԶ, Ո՛Չ ՁԵԶ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Աթան համայնքն անմատչելի տեղանքով ու խնդիրներով բախտակից համայնքներից շատ չի տարբերվում: Գյուղի տարածքում հարթ տեղ գրեթե չկա:  Դպրոցն էլ տներից հեռու է: Դասերից չուշանալու համար սակավաթիվ աշակերտները ստիպված են արթնանալ մթնշաղին եւ երկար ճանապարհ անցնել. մի կերպ հասնել նեղ ու երերուն կամրջին, աղոթել` հերթական անգամ բարեհաջող անցնելու համար գետի մյուս ափը, հետո շնչակտուր բարձրանալ սարը, որի վրա էլ կառուցված է դպրոցը: Մարզկենտրոնից հեռու գտնվող  Աթանում  հեռահար կապի միջոցները եւս բացակայում են: Դպրոցը համակարգիչներ ունի, սակայն ցանցին միանալ չի կարողանում: Մոտկորի ենթաշրջան մուտք գործելուն պես բջջային օպերատորներն «անհասանելի» են դառնում: Գյուղն ունի ութսուն ծուխ եւ 256 բնակիչ: Հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Հողերը չեն մշակում, քանի որ անհարթ տարածքներում գյուղտեխնիկա չի աշխատում: Փոխարենը 770 հա արոտավայր ունեն: Այստեղ էլ դեռեւս Խորհրդային միության տարիներից անլուծելի խնդիր կա: Սկզբնական շրջանում ունեցած 2500 հա հողից 605 հա-ն քարտեզագրման արդյունքում անցել է Իջեւանի պետական ֆոնդին: 1981թ. գյուղմինիստրությունը հողատարածքն օգտագործման համար երկարաժամկետ պայմանագրով տվել է Աթանին: Գյուղապետ Շալիկո Պարանյանն ասում է` քարտեզագրման ժամանակ մրցույթում շահած կազմակերպությունը եկել է ու հայտարարել` հողը ձերը չէ. «Էդ տարածքում երեք հատ ոչխարանոց ունեինք` 300 գլխի: Սեփականաշնորհել էին մերոնք իրանց գյուղացոնց վրա: Եկել էին կադաստր` հաստատելու, ասել էին` չէ՛, արդեն ձերը չի: Մեծ դժվարություն էր դարձել գյուղացու համար: Հիմա էդ 605 հա-ն նորից տվել են Իջեւանին: Ո՛չ նրանք են կարգին օգտագործում, ո՛չ էլ մենք»: Այս ամենի հետեւանքով համայնքի 1.236 գլուխ անասունն արածեցնելու համար տարածքը չի հերիքում: 1991թ. սեփականաշնորհման ժամանակ 35 հա սեփականաշնորհվել է Աթանի բնակիչներին, սակայն ստացվում է` իզուր: «Հիմա դրանք էդ քարբանդն էլ չունեն` վկայականը: Մի քանի անգամ մարզպետին դիմել ենք, ասում ա` ձեզ էդ 35 հա-ն ենք տալի: 35-ն ինչի են տալի` չգիտեմ»,-ուսերն է թոթվում գյուղապետը: 256 բնակիչ ունեցող Աթանից արտագնա աշխատանքի մեկնել է 15 հոգի: Գյուղացիներից 35-ն ընդգրկվել են կառավարության «Արոտների կառավարման եւ անասնապահության զարգացման» ծրագրում: Գյուղացիները հույսը չեն կորցնում:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս