Ինչու՞ է թանկ գազը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի վարորդները բազմիցս դժգոհել են, որ մարզի գազալիցքավորման ճնշման կայաններում մեկ խորանարդ մետր գազը վաճառվում է 200 դրամով, իսկ Սեւան քաղաքի գազալիցքավորման կայաններում` 170-180 դրամով:

Նշենք, որ Ռուսաստանից Հայաստան սնուցող մայր գազատարը, որից գազ են ստանում գազալիցքավորման կայանները, ձգվում է Տավուշի մարզի տարածքով:

Տավուշցի վարորդները նաեւ հայտնում են, որ Սեւանի ավազանում ավտոմեքենաները լիցքավորելու դեպքում իրենք ավելի երկար ճանապարհ են անցնում, քան Տավուշի մարզի կայաններում նույն ծավալով լիցքավորելիս:

Գուցե դա պայմանավորված է Սեւանի ավազանի սառը կլիմայով, երբ լիցքավորման ընթացքում գազը հասցնում է «նստել»: Տավուշի մարզի տաքսի ծառայությունների վարորդները, ովքեր աշխատում են մարզից Երեւան եւ հակառակ երթուղիներով, սովորաբար իրենց ավտոմեքենաների գազալցավորումը կատարում են Սեւանի լցակայաններում:

Հայաստանի տնտեսության մրցակցության հանձնաժողովը պետք է պարզի եւ հանրությանը ներկայացնի, թե ինչու՞ է Տավուշի մարզի ավտոգազալիցքավորման կայաններում գազն ավելի թանկ վաճառվում: Մի՞թե ոմանք կարծում են, որ Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչներն այլ մարզերում ապրողների համեմատ ավելի վճարունակ են եւ կարող են ավելի թանկ գազ գնել:

Ոսկան Սարգսյան

Տավուշ

 




Լրահոս