ՀՅԴ-ն ցանկանում է խորացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան դիվանագիտական գաղտնի նամակագրությունը հրապարակած «Վիկիլիքս»-ի փաստաթղթերից հերթականը պատմում է ՀՅԴ ղեկավար կազմի ու ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հանդիպման մասին:

Այն տեղի է ունեցել 2009թ. դեկտեմբերի 11-ին` դաշնակցականների խնդրանքով: Պետդեպին ուղարկված փաստաթղթում դիվանագետի հայտնած մանրամասներից տեղեկանում ենք ՀՅԴ ներկայացուցիչների տեսակետներին Ջավախքի, Ռուսաստանի դերակատարության եւ ցեղասպանության ճանաչման հիմնահարցերի առնչությամբ:

ՀՅԴ-ն տվյալ հանդիպմանը ներկայացնելու հատուկ ցանկություն է հայտնել Հրանտ Մարգարյանը, ով ցանկացել է դիվանագիտական զրույցների արդյունքում ԱՄՆ այցելելու թույլտվություն ստանալ, ինչը վերջին տարիներին ԱՄՆ-ի կողմից հաստատակամորեն մերժվում է:

Այսպես. Յովանովիչը հաղորդում է, որ դաշնակցականների ներկայացմամբ հանդիպումը տեղի է ունենում կուսակցության ու ԱՄՆ կառավարության միջեւ եղած կապերի ամրապնդման անհրաժեշտությունից դրդված:

Դաշնակցականները քննելով Ջավախքի խնդիրը, նկատել են, որ այն վտանգավոր ճգնաժամ է` վատթարանալու եւ անջատողական հակամարտության վերաճելու պոտենցիալով օժտված:

Մարգարյանը հայտարարել է, որ Վրաստանի կառավարության` հայ համայնքի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքն իրենց համար բավականին մտահոգիչ է: Նրա համոզմամբ` եթե որեւէ քայլ չարվի, ապա տարածաշրջանը նոր պայթյունի առաջ կկանգնի, եւ հնարավոր է` դա լինի այնպես, ինչպես Հարավային Օսեթիայում կամ Աբխազիայում:

Նրա համոզմամբ` Ռուսաստանը կարող է շահարկել հայ փոքրամասնության դժգոհությունները եւ պատնեշ կանգնեցնել վրացահայերի ու վրացական կառավարության միջեւ` լայնացնելով իր ապակայունացնող ազդեցությունը Վրաստանում:

Հետաքրքիր է, որ դաշնակցականները, փորձելով երրորդ կողմի վրա բարդել Ջավախքում իրավիճակի հնարավոր սրումը, միաժամանակ հասկացնում են, որ տեսնում են իրենց իսկ կողմից մշտապես թմբկահարվող երրորդ ճակատի բացման հնարավորություն:

20-րդ դարի սկզբի արկածախնդրությունները կարծես այս կուսակցության համար բավական չեն եղել, քանզի ներկայում դեռ չհաղթահարած Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հակամարտությունները` նրանք ջերմագույն պատրաստակամություն են արտահայտում նոր վերք բորբոքելու հարցում:

Մարգարյանը հատկապես քննադատել է վրացական կառավարության այն որոշումը, որով երկրի բոլոր պաշտոնյաները պարտավոր են տիրապետել վրացերենին: Նրա պնդմամբ` ջավախահայերը գիտեն հայերեն, լավագույն դեպքում` ռուսերեն, մինչդեռ շատերը վրացերենին չեն էլ տիրապետում.  «Սա հայ բնաչկության նկատմամբ գաղութային իշխանություն հաստատելու փորձ է: ՀՅԴ առաջնորդի գնահատմամբ` Ջավախքում հայկական բնակչությունը կրկնակի աղքատ է, քան վրացականը, ուստի կարելի էր վրացական օժանդակ ֆոնդերից մի քանիսն ուղղել Ջավախքի հայ բնակչության կենսապայմանները բարելավելուն: Նրա մատուցմամբ` ՀՅԴ-ն ցանկանում է խուսափել որեւէ պայթյունից Ջավախքում, քանի որ այն բավականին վնասակար կլինի երկու երկրների հարաբերությունների համար:

Հրանտ Մարգարյանը նաեւ հայտնել է իր մտահոգությունն առ այն, որ Ռուսաստանը Հայաստանին ճնշում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Մարգարյանը կարծում է, որ «միշտ ցավալի է եղել Հայաստանի համար, երբ Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց հետ գործակցել են, եւ սրա ականատեսն ենք նաեւ այսօր»:

ՀՅԴ-ականի համոզմամբ`  «ակնհայտ է, որ Մոսկվան թուրքամետ տրամադրությունների մեջ է»:

Նրա գնահատմամբ` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը թուրքերին հրել է դեպի ռուսների կողմը, մինչդեռ ԱՄՆ-ի ճանաչումն անխուսափելիորեն ուժեղացնելու է թուրք-ամերիկյան հարաբերությունները: Մարգարյանի խոսքով` ԱՄՆ-ն տարածաշրջանում իր շահերը պիտի պաշտպանի հենց ճանաչելով ցեղասպանությունը եւ օժանդակելով հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

Անհասկանալի է, մի՞թե դաշնակցականներն անկեղծորեն այդպիսի նեղ պատկերացումներ ունեն տարածաշրջանային քաղաքականության մասին, թե՞ շարունակելով գտնվել զորիբալայանական «լավագույն» ավանդույթների ծիրում` ԱՄՆ-ին բացատրում են նրա իսկ շահերը:

Ի վերջո, ինչպե՞ս կարող է ցեղասպանության ճանաչումն ավելի խորացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Այս տրամաբանությունից ելնելով` ԱՄՆ-ից Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող յուրաքանչյուր հայ դավաճան է, քանզի այդկերպ նպաստում է, դաշնակցականների եզրաբանությամբ, մեր թշնամի երկրի եւ գերտերություններից մեկի հարաբերությունների սերտացմանը:

Հ.Մարգարյանն, անցնելով իրենց կուսակցության ու ԱՄՆ կառավարության փոխհարաբերություններին, պնդել է «ՀՅԴ բյուրոյի ու Վաշինգտոնի միջեւ ավելի ուժեղ ու ուղղակի հարաբերությունների անհրաժեշտության վրա»:

Ապա հպանցիկ արտահայտել է բողոքն առ այն, որ իրեն անընդմեջ մերժվում է ԱՄՆ այցելելու վիզայի տրամադրումը: Այդ հանգամանքը Մարգարյանը որակել է որպես անարդար մի խոչընդոտ կուսակցության եւ ԱՄՆ հարաբերությունների զարգացման համար: Յովանովիչը նշել է, որ Մարգարյանը հապճեպորեն անցել է այլ թեմայի` հնարավորություն չտալով իրեն բացատրել, թե ինչու է նրան արգելվում մուտք գործել ԱՄՆ:

Փաստաթղթի վերջում դիվանագետը հանդես է եկել հակիրճ մեկնաբանությամբ, որը մեջբերում ենք ստորեւ. «ՀՅԴ-ն իր մոտեցումները չի փոխել, չի ցանկանում լսել թուրքերի կարծիքը, կամ նույնիսկ այն հայերի, ովքեր ուզում են բաց սահմաններ, նորմալ հարաբերություններ ու փոխշահավետ գործակցություն: ՀՅԴ-ն դոգմատիկորեն համոզված է, որ ամեն ինչ հարթելու միակ եղանակը ցեղասպանության ճանաչումը պահանջելն է: Շատ ավելի մտահոգիչ էր նրանց` Ջավախքի եւ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի համեմատությունը»:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս