Քուրդ զինյալների խումբը ոչնչացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«РИА Новости»-ի փոխանցմամբ` իրանական բանակի ցամաքային զորքերի հրամանատար Ահմադ Ռեզա Պուրդաստանը հայտարարել է, որ իր զորքերը ոչնչացրել են քուրդ զինյալների խումբը՝ իրանաիրաքյան սահմանով երկիր ներթափանցելու փորձ կատարելիս:

«Ահաբեկիչների  խումբը փորձել է հատել սահմանը և ներթափանցել երկրի տարածք: Այնուամենայնիվ, նրանց չի հաջողվել դա անել՝ իրանցի զինծառայողների զգոնության շնորհիվ»,- հայտարարել է գեներալ Պուրդաստանը:

Գեներալը գործակալությանը չի տրամադրել տեղեկատվություն սպանված զինյալների ճշգրիտ թվի մասին, սակայն, տեղեկացրել է, որ նրանք բոլորը «Պեժակ» քրդական ծայրահեղական խմբավորման անդամներ են եղել:

Նա նաև հավելել է, որ մի խումբ ծայրահեղականներն իրենց մոտ ունեցել են մեծ քանակությամբ պայթուցիչներ, որոնք, հավանաբար նախատեսված էին իրանական պետության տարածքում դիվերսիաներ իրականացնելու համար:

Իրաքի հյուսիսում տեղակայված «Պեժակ» խմբավորումը անջատողական  Քուրդիստանի բանվորական կուսակցության իրանական ճյուղն է, որը մի քանի տասնամյակ պայքարում է Իրանի, Իրաքի ու Թուրքիայի տարածքի մի մասում անկախ քրդական պետության ստեղծման համար:

Այդ տարածաշրջանում գործող «Պեժակի» զինյալները իրականացնում են դիվերսիաներ ու ահաբեկչական ակտեր, որոնց  զոհեր են դարձել իրանյան իշխանությունների  ներկայացուցիչներ ու խաղաղ բնակիչներ: Թեհրանը բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին ու Արևմուտքի հատուկ ծառայություններին Իսլամական Հանրապետության տարածքում գործող քուրդ անջատողականներին աջակցելու համար:




Լրահոս