Սերժ Սարգսյանը հաջողությամբ կիրառում է քոչարյանական տակտիկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հանրայնացրած հերթական փաստաթուղթը պատմում է ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչի ու Սերժ Սարգսյանի միջեւ 2009թ. ապրիլի 15-ին կայացած հանդիպման մասին:

Դիվանագետը Պետդեպին ուղարկած փաստաթղթում հաղրոդում է, որ կողմերը քննարկել են Երեւանի ավագանու` 2009թ. ընտրությունների թափանցիկության, տարածաշրջանում ժողովրդավարական իրավիճակի եւ միջազգային դոնորներից ֆինանսավորումների խնդիրները: Հարկ է նկատել, որ դեսպանը, սեփական առանձին մեկնաբանություններով հանդես գալով, նաեւ հաճախ է մեջբերում Սերժ Սարգսյանի ուղիղ խոսքը` ցույց տալու համար նրա իրական վերաբերմունքը քննարկվող հարցերի առնչությամբ:

Դիվանագետը զրույցի սկզբում նշել է, որ պաշտոնական Վաշինգտոնն ուշադրությամբ հետեւելու է քաղաքային ընտրություններին` հատկապես կարեւորելով ընդդիմության` հեռուստաեթերից ազատորեն օգտվելու եւ ազատ հավաքներ անելու խնդիրները: «Դրանք հանդես կգան որպես չափանիշ` Հայաստանի ժողովրդավարացման մեջ ունեցած առաջխաղացման հիմնահարցի համատեքստում»,- շեշտել է դեսպանը:

Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, սակայն կասկած է հայտնել ամերիկացիների անաչառության կապակցությամբ: «Եթե Վաշինգտոնը չի հավատում, որ մեր ընդդիմությունը հեռուստաեթերից ազատորեն օգտվելու հնարավորություն ունի, ապա, հավանաբար, չի էլ հավատա, որ ընտրություններն ազատ են անցել»:

Սերժ Սարգսյանը նկատել է, որ տպագրական մամուլն ամբողջությամբ գտնվում է ընդդիմության տիրապետության տակ: Ուղղակիորեն ընդունելով էլեկտրոնային լրատվական դաշտի սահմանափակ ազատության փաստը, նա իրավիճակը գնահատել է ոչ ավելի վատ, քան Ադրբեջանում ու Վրաստանում: Ուղիղ համեմատություն անելով Ադրբեջանի հետ` Սարգսյանը նշել է «Հայաստանում մենք չենք ձերբակալում կամ սպանում լրագրողներին»:

ՀՀԿ առաջնորդի տեսնակյունից կարելի էր համեմատություն անել նաեւ աֆրիկյան կանիբալների հետ, որոնք անգամ մարդ են ուտում, այնինչ` Հայաստանում այդպես չէ: Ապա Ս.Սարգսյանը խոստացել է նախընտրական շրջանում ընդդիմությանը ազատ եթեր տրամադրել` նպատակ ունենալով այդ ընտրությունները նախորդների համեմատ ավելի լավը դարձնել:

Հատկանշական է, որ դրանք ավելի լավը դարձնելու խոստումով Սարգսյանը փաստացի ընդունել է, որ նախորդ ընտրություններն այնքան էլ լավը չեն եղել, մինչդեռ իշխանության ամենատարբեր ներկայացուցիչները դրանք գովաբանելու հարցում միմյանց հերթ չէին տալիս:

Ինչեւէ, դեսպանը հատուկ ուշադրություն է դարձրել Ս. Սարգսյանի ասածներին ու մեկանաբնություն թողել` ընդգծելով, որ հայկական տպագրական մամուլը խիստ սահմանափակ տարածում ունի, քանզի ամենամեծ տպաքանակ ունեցող թերթերը տարածվում են առավելագույնը 10,000 օրինակով:

Անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին` Յովանովիչը նկատել է, որ ընտրությունների դրական արձագանքի պարագայում կարելի կլինի ավարտին հասցնել գյուղական վայրերի ճանապարհաշինական կասեցված ծրագրերը: Այդժամ Սերժ Սարգյանը մեջբերել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ք.Ռայսի խոսքերը` «ՀՄ ծրագիրը թեստ չէ, քննություն չէ», ապա հավելել. ՙԵղածը եղած է: Եթե ԱՄՆ-ն կարծում է, որ ծրագիրը դադարեցնելու դեպքում Հայաստանը կարող է ավելի լավ երկիր դառնալ, թող այդպես էլ լինի՚:

Դիվանագետն այս դիտարկմանը բավականին կոշտ է հակադարձել` նշելով, որ եթե ուզում ենք ծրագիրը շարունակել, ապա ՀՄ-ն ունի հստակ պահանջներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման:

Նրա եզրակացմամբ` դրական առաջընթացը ոչ միայն չի վնասի, այլեւ մեծապես կօգնի առաջին հերթին հենց Հայաստանին: Հատկանշական է, որ այս եղանակով օտարերկրյա դեսպանը Հայաստանի նախագահի բարձր պաշտոնը զբաղեցնող մարդուն բացատրում է նրա իսկ երկրի շահը:

Դրանից հետ Սերժ Սարգսյանը կրկին վերադարձել է նախկին բառապաշարին ու կարեւորել ՀՄ-ի ծրագիրը Հայաստանի համար:

Հետաքրքիր է նրա սրամտությունը, ըստ որի`  «Եթե Վաշինգտոնն ուզում է գումարները հետ վերցնել, քանի որ կարծում է, որ ես վատ նախագահ եմ, ապա կարող է այդպես էլ անել: Մենք շարունակելու ենք այդ աշխատանքները եւ այլ աղբյուրներ կգտնենք»: Նշանակալից է, որ երբ դեսպանը հայտնել է իրենց ցանկությունը Հայաստանում ժողովրդավարության ծաղկման մասին, Սարգսյանը ծաղրական ասել է. «Այն կծաղկի, բայց ոչ Վրաստանի կամ Ադրբեջանի պես: Իրապես, հողը այնտեղ ավելի պարարտ է»:

Փաստաթղթի ավարտին դիվանագետը հանդես է եկել ծավալուն մեկնաբանությամբ, որը ներկայացնում ենք մասնակի. «Այս քննարկումից եզրակացնելի է, որ Սարգսյանը մտադիր չէ առաջիկայում ժողովրդավարացման ուղղությամբ մեծ քայլեր կատարել: Փոխանակ կենտրոնանալու ու հրատապ հարցերը շուտափույթ կերպով լուծելու, հայերը շարունակում են մեղքը բարդել երկակի ստանդատների ու միակողմանի վերլուծությունների վրա: Չնայած Սերժ Սարգսյանի` արդար ընտրությունների խոստմանը, նախնական ազդակները լիովին հակառակ ուղղությունն են հուշում: Սարգսյանը ընտրել է Քոչարյանի ճանապարահը հատկապես ՀՄ-ի հետ կապված եւ խոսում է մեկ այլ դոնորի մասին, որը կարող է լինել կամ Ռուսաստանը, կամ Համաշխարհային բանկը: Սա տիպիկ քոչարյանական տակտիկա է»:

Նժդեհ Հովսեփյան




Լրահոս