ՉՀԱՍԿԱՆԱԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ԱԺ-ում պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հարցին` արդյոք նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում քննարկվե՞լ է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, հայտարարել է. «Ես շատ դեպքերում չեմ հասկանում, որ յուրաքանչյուր կրակոցի կամ յուրաքանչյուր խախտման համար ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի։ ՀԱՊԿ-ի ուժերի գործարկման համար գոյություն ունի ընթացակարգ, որը պետք է քննարկվի պետության մեջ, այնուհետեւ հանրապետության նախագահի ղեկավարությամբ ներկայացվի հայտ, որպեսզի նրանք այս կամ այն տարածաշրջանում գործողություններ իրականացնեն»:
Անկեղծ ասած` մենք էլ չենք հասկանում, թե ինչպես կարող է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը նման հայտարարություն անել` ստանձնելով ՀԱՊԿ փաստաբանի դերը: Ընդ որում` ինքնին հասկանալի է, որ խոսքը ոչ թե ինչ-ինչ ընթացակարգեր պահանջող գործողությունների իրականացման, այլ թեկուզ հայտարարության տեսքով արձագանքի մասին է, ինչը միտումնավոր կերպով փորձում է չհասկանալու տալ Սեյրան Օհանյանը:
Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ստանձնում են ՀՀ-ում Ռուսաստանի շահերի պաշտպանի դերը: Կոնկրետ Սեյրան Օհանյանը նույնկերպ «չէր հասկանում», երբ Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդը վրդովվում էր ՀՀ ռազմավարական դաշնակցի կողմից ադրբեջանցիներին S-300 հակահրթիռային կայանների վաճառքի կապակցությամբ: Չէր հասկանում եւ երկրորդում էր ՀԱՊԿ ղեկավար Բորդյուժային` ասելով, թե Ադրբեջանին մեկ միլիարդի զենքի, այդ թվում եւ` «Սմերչ» հրթիռների վաճառքը ընդամենը բիզնես է, եւ որ տարածաշրջանում ուժերի բալանսը պահպանվում է: Հայոց զինված ուժերի ղեկավարի չհասկացածությունը շարունակվեց նաեւ Ադրբեջանին ռուսական տանկերի վաճառքի վերջին գործարքի ընթացքում, եւ, դատելով երկրի իշխանությունների` առաջին հերթին նախագահի պահվածքից, այն դեռ երկար կշարունակվի:
Ամբողջ հարցն այն է, թե դեռ քանի երիտասարդ զինվորի կյանք կպահանջվի, մինչեւ մեր իշխանությունները հասկանան, որ ինչքան իրենք ավելի ցածր խոնարհվեն ռուսների առջեւ, այնքան ավելի կանտեսվեն: Ի վերջո, Ռուսաստանը հզոր գերտերություն է, որը նայում է առաջ, եւ ոչ ներքեւ:
Իսկ այն, որ ՀԱՊԿ-ն այլեւս չի ընկալվում որպես Հայաստանի անվտանգության իրական երաշխավոր, եւ անհրաժեշտության դեպքում ձեռնամուխ չի լինի Հայաստանի անվտանգության ապահովմանը` արդեն իսկ տեսանելի է բոլորին, եւ առաջին հերթին` Ադրբեջանին: Իր ընկերոջը «գրգռել» չցանկացող Նազարբաեւը դժվար թե համաձայնի զորքեր ուղարկել Ադրբեջանի դեմ կռվելու: Հայաստանի համար ՀԱՊԿ-ն այսօր ավելի շատ մատչելի գնով զինտեխնիկա ձեռք բերելու հնարավորություն է, որը, սակայն, պետք չէ գերագնահատել, եւ հանուն դրա այդ աստիճան «չհասկացող» դառնալ:




Լրահոս