ԺԱՆՏԱԽՏԻ ՕՐՈՔ ՔԵՖ ԵՆ ԱՆՈՒՄ ՀԱՄԱՏԱՐԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ պաշտոնական այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպում է ունեցել Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյփլի հետ: Նա քաղաքապետարանում ողջույնի խոսք է հղել. «Հարգելի՛ պարոն քաղաքապետ… Ուրախ եմ, որ կրկին առիթ ունեմ հյուրընկալվելու հրաշագեղ Վիեննայում, որն արդարացիորեն համարվում է եվրոպական քաղաքակրթության զարկերակ… Այսօր հնարավորություն ունեմ նաեւ այստեղ վայելելու Ձեր մայրաքաղաքի հարուստ պատմության վկան հանդիսացող գոթական ոճի այս կառույցի անկրկնելի ճարտարապետությունը»: Հաղորդագրությունից պարզվեց, որ Սարգսյանը Վիեննայում մասնակցել է «Հայաստան» բազմագործառույթ կենտրոնի բացմանը: Հիրավի կարեւորագույն իրադարձություն է սա: Այնքան կարեւոր, որ, օրինակ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չէր կարող միայնակ «գլուխ բերել», դրա համար Սերժ Սարգսյանը մի կողմ թողնելով մեր երկրին պատուհասած լրջագույն պրոբլեմները, անձամբ է Վիեննա մեկնել: Եվ ոչինչ, որ 32,5 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանում բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ 3.85 դրամով, ամենօրյա գնաճն ու կյանքի դժվարությունները ստիպում են ՀՀ քաղաքացիներին արտագաղթել երկրից, 5 տոկոս պարտադիր վճարների դեմ փողոց են դուրս գալիս մարդիկ՝ պահպանելու իրենց հասանելիք աշխատավարձը… Գլխավորն այն է, որ Սերժ Սարգսյանի աշխատավարձը հուլիսի 1-ից բարձրանալու է 203%-ով` 436 հազարից դառնալով 1,223 մլն դրամ: Վարչապետի աշխատավարձն էլ՝ 218%, այսինքն` 335 հազարից մինչեւ 1,190 մլն դրամ կդառնա: Նախարարներն էլ կստանան 600 հազար դրամ:
Ահա թե ինչպիսի ապահով Հայաստան էր խոստանում Սերժ Սարգսյանը:

 

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին ամենասուր խոսքերով քննադատեց կառավարությանը՝ շքեղության հարկը վերացնելու համար: Դժվարությամբ, բայց ինչ-որ տեղ կարելի էր հավատալ Բիշարյանի քննադատության անկեղծությանը, եթե չլիներ մեկ այլ ուշագրավ հանգամանք: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայտարարությունից առաջ՝ ԱԺ ընդմիջման ժամանակ Բիշարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակում հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Եվ դրանից հետո նման սուր հայտարարությամբ հանդես գալը, թերեւս, կարող է երկու պատճառ ունենալ. կա՛մ նորաթուխ ընդդիմադիրը վարչապետի հետ նախապես պայմանավորվել է իր խոսքի սրության չափի մասին, կա՛մ էլ ինչ-որ բան է խնդրել Հ.Աբրահամյանից ու չստանալով, ԱԺ ամբիոնից հարձակվել է նրա վրա: Հ.Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սկզբում չէր ցանկանում խոսել վարչապետի հետ հանդիպման մասին. «Ո՞վ է ասել, չկա նման բան»: Սակայն զգալով, որ ինչ-որ բան այն չէ, փորձեց հակադարձել. «Ուրեմն պիտի բոլորը ձեզ հերթով զեկուցե՞մ»:

 

ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան երեկ հանդիպեց լրագրողների հետ: «Ժողովուրդ»-ը Հայաստան վերադարձած դեսպանից հետաքրքրվեց Ուկրաինայում հայ գործարարների առեղծվածային սպանությունների եւ դրանց չբացահայտումների, ձգձգվող քննությունների մասին: Մասնավորապես հարցը վերաբերում էր փետրվարի 27-ին Ղրիմում սպանված գործարար Ստեփան Ճորոխյանի, ապրիլի 14-ին ու մայիսի 25-ին Դոնեցկում սպանված երկու հայերի՝ Ռուբեն Ավանեսյանի եւ գործարար Ռոբերտ Մելոյանի գործերի ճակատագրին: «Տեղյակ չեմ, եւ հետո, ես դեսպան եմ աշխատում, եւ այս հարցը երեւի պետք է տալ համապատասխան իրավասու մարմիններին,-ասաց պարոն Կուխտան եւ հավելեց.-Մայդանում երկու հայ զոհվեց, այդ դեպքի մասին գիտեմ, բայց գործարարների մասին` ոչ»: Ստացվում է՝ դեսպանը տեղյակ է միայն նրանից, ինչը կապված է Մայդանի հետ, իսկ մնացածը չի մտնում դեսպանի լիազորությունների մեջ:

 

Անցնող 3 տարիների ընթացքում մի խումբ փաստաբաններ ավանդաբար մեկօրյա գործադուլ էին հայտարարում եւ բողոքի ակցիա իրականացնում ՀՀ վճռաբեկ դատարանի առջեւ: Այդ քայլով փաստաբանները փորձում էին իշխանությունների ուշադրությունը հրավիրել Վճռաբեկ դատարանի կողմից դրսեւորվող անթույլատրելի գործելակերպին, քանի որ այդ ատյանի կողմից ստեղծած իրավական անորոշությունը եւ անթափանցիկությունը բացասական տպավորություն են ստեղծում հասարակության մոտ դատական համակարգի վերաբերյալ: Սակայն այս տարի փաստաբանները գործադուլի դուրս չեկան՝ խախտելով ավանդույթը: Հետաքրքիր է՝ ո՞րն է պատճառը՝ Վճառաբեկ դատարա՞նն է փոխվել, ավելի արդար դարձել, թե՞ փաստաբաններն են հույսները կորցրել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, գործադուլ նախաձեռնող խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ «մեկօրյա գործադուլը չեղավ, քանի որ մեր պահանջներն այդպես էլ չեն կատարվել: Սակայն երբ պահը կհասունանա, անկախ նրանից կլինի հունիս, հուլիս, թե օգոստոս, փաստաբանները նորից ոտքի կկանգնեն»:

 




Լրահոս