ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԱՎ Է ՎԵՐԱՀՍԿԵԼ

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը, ում անունն առավել հայտնի է Բուզանդի փողոցում կառուցված էլիտար շենքերում բնակարանների գնորդներին «քցելու» հայտնի պատմություններից, հսկայական չափերի հասնող հարստություն է կուտակել: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում Հովիկ Հովսեփյանը հայտարարագրել է 70 հազար ԱՄՆ դոլար արժողության 5 թանկարժեք նկար, որոնք, ի դեպ, ձեռք է բերել 2013թ. ընթացքում: Բացի այդ, նա հայտարարագրել է 185 մլն դրամ եւ 2 մլն 735 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում՝ տարեսկզբի համեմատ, նրա ֆինանսական միջոցներն ավելացել են 68 մլն դրամով եւ 465 հազար դոլարով: Մենք, իհարկե, ուզում ենք հավատալ, որ այս ողջ հարստությունը նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը կուտակել է բացառապես իր տքնաջան աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե՝ զարտուղի ճանապարհներով: Բայց նրա հայտարարագրի ուսումնասիրությունն այլ ենթադրությունների տեղիք է տալիս. Հովսեփյանը 1 տարվա ընթացքում ստացել է 300 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն. թե ումից եւ ինչի համար, Հովիկ Հովիսեփյանը չի նշել: Մինչդեռ, ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե նման բարձր պաշտոն զբաղեցնող անձն ումից եւ ինչի համար է նվիրատվություն ստանում, այն էլ՝ 300 հազար դոլար: Ընդ որում, նա մոտ 100 հազար դոլարի նվիրատվություն հայտարարագրել էր նաեւ 2012թ.-ին:

ԱԲՐԱՀԱՄՅԱՆԱԿԱՆ ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հիշել էր իր հայտնի թեւավոր խոսքը. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով իր ելույթի ժամանակ ծիծաղող պատգամավորներին, Աբրահամյանը հայտարարեց. «Պիտի ասեմ, որ ծիծաղը զարդարում է մարդու դեմքը, բայց՝ տեղին ծիծաղը: Անտեղի ծիծաղելով եւ հերոս ձեւանալով` ոչ մի հարց չենք լուծի մեր երկրում»: Ի դեպ, ճշմարտության հիվանդանալու, բայց չմահանալու մասին խոսքը նա առաջին անգամ հրապարակավ հնչեցրել էր, երբ ԱԺ նախագահի պաշտոնից պարտադրված հրաժարականից կես տարի անց կրկին վերադարձավ խորհրդարանի ղեկավարի պաշտոնին: Հիմա էլ կրկնում է, երբ արդեն վարչապետ է, իսկ այդ պաշտոնը եւս տարիներ շարունակ եղել է Աբրահամյանի երազանքը: Զարմանալի զուգադիպություններ:

ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿՀԱՆՎԻ

Այսօր ավարտվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի երկրորդ աճուրդի ժամկետը, իսկ գնային առաջարկներ չկան: Հիշեցնենք, որ համալիրը մեկ անգամ եւս էլեկտրոնային աճուրդի էր հանվել մայիսի 19-ին: Առաջին աճուրդի դեպքում մեկնարկային գինը սահմանվել էր 19 մլրդ 350 մլն դրամ (մոտ 46 մլն ԱՄՆ դոլար): Երկրորդ անգամ համալիրը աճուրդի հանվեց հունիսի 2-ին՝ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված գնով՝ 17 մլրդ 415 մլն դրամ: Տեղեկացնենք, որ համալիրը երրորդ անգամ եւս կդրվի աճուրդի՝ 10 տոկոս իջեցված գնով:




Լրահոս