Նախօրեին «Հրաշալի քառյակ»-ը հրապարակել էր իշխանություններին ուղղված 12 պահանջները, որոնց կատարման համար վերջնաժամկետ էր տվել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Քառյակի ներկայացուցիչները նաեւ հայտարարել էին, որ սեպտեմբերի վերջին տեղի կունենա միասնական հանրահավաք, որի ժամանակ կամփոփեն պահանջների կատարումն ու կորոշեն իրենց հետագա քայլերը: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ եւ ՀԱԿ ներկայացուցիչների հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ
-Պարոն Մելիքյան, Քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջագիրը բավականին լավ ընդունվեց, եւ անգամ ողջունվեց ՀՀԿ-ի կողմից: Այսինքն՝ իշխող կուսակցությունը պատրաստվում է իրագործե՞լ Քառյակի պահանջները:
-Ես կարծում եմ, որ Քառյակի կողմից արված առաջարկությունների, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցերի լուծման ուղղությամբ արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից որոշակի գործընթացներ իրականացվում են: Հարցերը բավականին կառուցողական են, տրամաբանական, նաեւ` ընդունելի ժողովրդի համար: Կարծում եմ՝ հետագա համագործակցության ու քննարկումների ընթացքում մենք ընդհանուր եզրակացության կգանք ու համոզված եմ՝ բավականին առաջընթաց այդ ուղղությամբ կունենանք:
-Այսինքն՝ կարելի է ասել, որ Քառյակի 12 կետերը պատրաստ եք հատ առ հատ իրագործե՞լ:
-Ոչ միայն 12 կետերը, այլ նաեւ ավելի շատ կետեր, որոնք ՀՀԿ-ն առաջադրել է, որոնք ընդգրկված են ՀՀ կառավարության ծրագրային դրույթներում:
-Քառյակն իշխանությանը ժամանակ է տվել. մինչեւ աշուն կկարողանա՞ք իրագործել ներկայացված պահանջները:
-Ժամանակի առումով կարող են որոշակի քննարկումներ լինել. կան կետեր, որոնք մինչեւ սեպտեմբերի 30-ը հնարավոր չէ իրագործել: Մեր կարծիքով՝ բոլոր կետերը կառուցողական են, իրենց մեջ ունեն կառուցողական դրույթներ:
-Իշխանությունը սպասում էր, որ Քառյակը ձեւակերպեր այդ տասներկու կետանոց պահանջները, որ նոր սկսեր դրանց վրա աշխատե՞լ:
-Ես չեմ կարոծում, որ մենք այդ կետերի վրա չէինք աշխատում, մենք վաղուց այդ կետերի վրա աշխատում էինք ու ոչ միայն այդ կետերի, արդեն նշեցի:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարոն Մանուկյան, ըստ ՀՀԿ-ի ներկայացուցիչների, իշխանությունները վաղուց արդեն աշխատում էին Ձեր ներկայացրած պահանջների իրագործման ուղղությամբ: Միեւնույն ժամանակ` նրանք սպասվածից ավելի հանդուրժողական վերաբերմունք դրսեւորեցին, անգամ ողջունեցին Քառյակի պահանջագիրը: Ըստ Ձեզ` որն է պատճառը:
-Իրենք տակտիկա են փոխել, չեն ուզում սրել, ժամանակ են շահում տեսնելու, թե ինչ կարող են անել: Ռեալությունը ճտերը հաշվելու մեջ է, մենք էլ աշնանը կհաշվենք, կտեսնենք՝ ինչպես են կատարել, ինչ են կատարել: Ինձ համար այս փաստաթուղթն ավելի շատ քաղաքական բովանդակություն ունի: 4 քաղաքական ուժ հայտ է ներկայացրել, խնդիր են դրել, կլուծվի` եզրակացություն կանենք, չի լուծվի, էլի եզրակացություն կանենք: Քաղաքական կամք է պետք լուծելու համար, եթե դա չեղավ` տարբերակ չկա լուծելու: Աստված տա` թող կատարեն:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ